Բրիտանական BBC հեղինակավոր պարբերականն ակնարկ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Ինչպես ներկայացրել է BBC-ն ,Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է և առաջինն, ով գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Հայաստանում մեծանալը շատ դժվար էր այն տարիներին, քանի որ մենք շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, պատերազմ էր, ինչի հետևանքով շատ վատ պայմաններ էին ստեղծվել», -ներկայացնելով ֆուտբոլիստի հայկական ծագումը` պարբերականը մեջբերել է նրա խոսքը:

Անդրադառնալով իր կարիերայի վերելքին` Մխիթարյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ շնորհակալ է Դորտմունդի «Բորուսիայում» իր մարզիչ Յուրգեն Կլոպին, որի խորհուրդն իրեն օգնել է կայանալ որպես ֆուտբոլիստ: Մխիթարյանի խոսքով` Կլոպի խորհուրդներն իրենց օգնել են հաղթահարել նաև Պրեմիեր լիգայում հանդես գալիս առաջացած դժվարությունները:

Ինչպես ընդգծել է աղբյուրը, Մխիթարյանը, որը 6 լեզուների է տիրապետում, Անգլիա է տեղափոխվել 2015-ի հոկտեմբերին:

Աղբյուրը հիշատակել է նաև Հենրիխի հորը` Համլետ Մխիթարյանին, որը Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտբոլիստներից էր, որոնք հանդես են եկել նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս: Վերջինս մահացել է գլխուղեղի ուռուցքից, երբ Հենրիխը դեռ 7 տարեկան էր:

Այնուամենայնիվ, Հենրիխը նշում է, որ հենց հայրն է եղել իրեն ոգեշնչողը: «Նա ինձ առաջ մղող ուժն էր, իմ նպատակը, իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից», - ասել է Մխիթարյանը: