Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» հետ մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդից» դարպասը գրավելու իրական հնարավորություն ուներ թերևս Հենրիխ Մխիթարյանը: Մեն-մենակ հայտնվելով դարպասապահի հետ՝ մեր ֆուտբոլիստին չհաջողվեց հաջողության հասել: Ջրի շիշը ցուցադրաբար շպրտելով և չթաքցնելով զայրույթը՝ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինեց Մխիթարյանին՝ նրա փոխարեն դաշտ դուրս բերելով Ուեյն Ռունիին: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց:
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Էվերթոնի» հետ մրցավեճում Մխիթարյանը դուրս մնաց մեկնարկային կազմից: «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից հետո Մոուրինյոն դժգոհել էր Զլատան Իբրահիմովիչի և Խուան Մատայի բացակայությունից: «Տեսնում եք, թե քանի գոլ են մեր տղաները խփում՝ Լինգարդը, Ռեշֆորդը, Մխիթարյանը և Մարսիալը: Քանի՞ գոլ են նրանք հեղինակել: Զլատանը և Մատան ավելի շատ գնդակներ են խփել: Չունենք կայունություն, բաց ենք թողնում հեշտ հնարավորություններ: Կարող ենք ավելացնել որոշակի շրջանում, սակայն հետո որոշ ֆուտբոլիստներ անհետանում են դաշտում, և հաջորդ 10 րոպեներին նրանց չենք տեսնում, ինչի պատճառով դժվարություններ ենք ունենում»,-հայտարարել էր Մոուրինյոն:
«Էվերթոնի» դեմ Իբրահիմովիչը խաղաց, ինչպես նաև Էրերան և Պոգբան, ովքեր բացակայում էին «Վեսթ Բրոմվիչի» դեմ մրցավեճում: Եվ ինչպիսի՞ պատկեր էր խաղադաշտում: Իբրահիմովիչը կարող է իր ետևից տանել թիմը, բայց նաև հասկանալ է պետք, որ հատկապես առջևի գծի մյուս ֆուտբոլիստները պետք է կարողանան նրա ետևից գնալ: Հերթական անգամ անմիտ և ոչ արդյունավետ խաղով աչքի էր ընկնում Ռեշֆորդը: Վերջինս Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և խփել ընդամենը երեք գնդակ: Սա հարձակվողի համար խիստ ցածր ցուցանիշ է: Չէր տպավորում նաև Լինգարդի խաղը:
Մխիթարյանի՝ հիմնական կազմից դուրս մնալը զայրույթի ալիք է բարձրացրել ոչ միայն «Յունայթեդի» երկրպագուների, այլև ֆուտբոլային վերլուծաբանների շարքերում: Հանուն ինչ-որ, կոպիտ ասած, պրինցիպների Մոուրինոյն, կարելի է ասել, ձախողեց իր թիմի խաղը: «Դժգոհ էի Հենրիխ Մխիթարյանից «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում: Դա է պատճառը, որ նա դուրս մնաց թիմի հիմնական կազմից»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Մոուրինյոն:
Անթերի ֆուտբոլիստներ չկան: Հնարավոր է, որ Մոուրինյոն այս կերպ փորձում է թասիբի գցել Մխիթարյանին, բայց մրցաշրջանի ավարտին, երբ թիմը մրցաշարային առումով այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, նման քայլերը տեղին չեն: Չենք կասկածում՝ եթե Մխիթարյանը խաղար մեկնարկային կազմում, կիսապաշտպանության ձակ կամ աջ եզրից «Յունայթեդի» գրոհները անհամեմատ ավելի սուր և դինամիկ կլինեին: Մեր ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ այն ժամանակ, երբ մրցակիցը առջևում էր 1:0 հաշվով և անցել էր երկշերտ, նույնիսկ, կարելի է ասել, եռաշերտ պաշտպանության: Նման իրավիճակում արագաշարժ ֆուտբոլիստի համար բավական դժվար է դրսևորվելը:
Անհասկանալի էր նաև Մարսիալի մեկնարկային կազմից դուրս մնալը: Ճիշտ է, այս ֆուտբոլիստը լավագույն մրցաշրջանը չի անցկացնում, բայց համաձայնեք՝ խաղային ներկայիս որակներով գերազանցում է թե Լինգարդին և թե Ռեշֆորդին:
Ինչևէ, Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 9-ին՝ մրցակցի հարկի տակ մրցելով «Սանդերլենդի» հետ: Ապրիլի 13-ին Մոուրինյոյի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիայում՝ մրցելով «Անդերլեխտի» հետ: