Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ նախորդ ամռան գլխավոր ձեռքբերումներից է: «Կարմիր սատանաներ»-ը խոշոր գումար են վճարել հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: Հայտնի չէ, թե որքան էր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում իր թիմում տեսնել Մխիթարյանին, սակայն առանց նրա ցանկության տրանսֆերային գործարքը հաստատ չէր կայանա:

Զարմանալի է, որ պորտուգալացի մասնագետն այդքան քիչ խաղաժամանակ էր տրամադրում Հենրիխին մրցաշրջանի սկզբնամասում՝ երկար ժամանակ չընդգրկելով նրան «կարմիր սատանաներ»-ի հայտացուցակում: Ժոզեն հոգնել էր պատասխանել Մխիթարյանին վերաբերող հարցերին:

«Այժմ գերադասում եմ խաղալ Մարտիալի, Մատայի և Լինգարդի հետ: Իսկ Հենրիխը պետք է ավելի քրտնաջան աշխատի մարզումներին, որպեսզի գերազանցի նրանց»,- մամլո ասուլիսներից մեկի ժամանակ ասաց մասնագետը:

Իհարկե, տարօրինակ էր լսել, որ Մխիթարյանին կոչ են անում ավելի շատ մարզվել, քանի որ նա միշտ պրոֆեսիոնալության օրինակ է եղել նախորդ թիմերում: «Շախտյոր»-ում խաղալու տարիներին Հենրիխն ապրում էր ակումբի մարզաբազայում, որպեսզի ավելի մոտ լինի խաղադաշտից: Նրա ներկայիս ակումբակից Ջեսի Լինգարդն էլ նշում է, որ Միկին միշտ առաջինն է գալիս մարզման, իսկ այն ժամանակ, երբ չէր ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, երկար զբաղվում էր անհատական ծրագրով՝ մարզավիճակն էլ ավելի բարելավելու նպատակով:

«Այդ օրերը սև էին ինձ համար: Բայց ես հավատում էի ուժերիս և գիտեի, որ մի անգամ կստանամ իմ շանսն ու կօգտվեմ դրանից: Հնարավոր չէ հաջողակ լինել, երբ տխրում ես»,- Հենրիխը պատմում է Անգլիայում կարիերայի բարդ սկզբնամասի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից անմիջապես հետո Մոուրինյոն հայտարարեց, որ տեսնում է Մխիթարյանին աջ կիսապաշտպանի գծում: Խոսքերը հաստատվեցին գործով: Սակայն եթե համեմատենք Հենրիխի ցուցադրած խաղը «Յունայթեդ»-ում և «Բորուսիա»-ում, ապա Մոուրինյոյի թիմում հայ ֆուտբոլիստը կաշկանդված է իր գործողությունների մեջ: Այդ մասին են խոսում նաև թվերը: Այժմ Հենրիխը փոխանցումների ավելի թույլ ցուցանիշներ է գրանցում: Այդ առումով փորձագետները կարծում են, որ եթե Ժոզեն Մխիթարյանին ավելի շատ ազատություն տա խաղադաշտում՝ ստեղծագործելու համար, կբարելավվի նաև ֆուտբոլիստի վիճակագրությունը:

Բոլորս ենք հիշում, որ կարիերայի ընթացքում Մոուրինյոն բազմիցս հրաժարվել է հզոր ֆուտբոլիստներից՝ ելնելով անձնական նկատառումներից: Ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասում թվում էր, թե Մխիթարյանը կարող է արժանանալ նույն ճակատագրին: Սակայն Ժոզեն սկսեց վստահել Հենրիխին՝ ժամանակ առ ժամանակ քննադատության ենթարկելով վերջինիս:

Հայ կիսսապաշտպանը, սակայն, շարունակում է ցուցադրել իր լավագույն որակները: «Սանդերլենդ»-ի դեմ խաղում Մխիթարյանի խփած գոլը, օրինակ, կարող է գրվել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության էջերում: