«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ խաղից ունեցած սպասելիքներով, որտեղ ինքը հանդես է եկել որպես ֆուտբոլիստ.

«Յուվենտուսում ես հասունացել եմ և ավելի ուժեղ ֆուտբոլիստ եմ դարձել: Սա մեծագույն ակումբ է: Թուրինցիների հետ եզրափակիչ խաղն ինձ համար առանձնահատուկ կլինի, քանի որ ես առաջվա պես այդ ակումբը պահում եմ իմ սրտում»,- ասել է Զիդանը:

Մասնագետը նշել է,որ «Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ համարել այդ խաղում.

«Հրաշալի եզրափակիչ կլինի: Երկու թիմերն էլ արժանիորեն են հայտնվել վճռորոշ փուլում: Կպատրաստվենք, բայց նախևառաջ պետք է կարևոր հանդիպում անցկացնենք Իսպանիայի առաջնության շրջանակում:

«Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ անվանել «Յուվենտուսի» հետ մրցավեճում: Թուրինցիներին գոլ խփելը չափազանց դժվար կլինի: Պաշտպանությունն էլ «Յուվեի» միակ ուժեղ կողմը չէ: Նրանք նաև հիանալի հարձակվողներ ունեն»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում: