Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը խոստովանել է, որ լարված է կարիերայի վերջին խաղից առաջ:

Վերջին անգամ Լամը որպես ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս կգա մայիսի 20-ին՝ Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ տնային խաղում.

«Շատ ուրախ եմ շաբաթ օրը կայանալիք խաղի համար, բայց միևնույն ժամանակ շատ լարված եմ: Հրաշալի, բայցև շատ դժվար երեկո կլինի: Արդյոք լաց կլինե՞մ. չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, բայց հետաքրքիր կլինի»,- Լամի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Ավելի վաղ «Բավարիայի» նախկին գլխավրո մարզիչ Յուպ Հայնկեսը հույս էր հայտնել, որ Լամին կճանաչեն Գերմանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը դեռ երբեք այդ կոչմանը չի արժանացել:

Հիշեցնենք՝ 33-ամյա ֆուտբոլիստը 2001 թվականից հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», սակայն ընթացքում երկու տարով վարձակալությամբ հանդես է եկել «Շտուտգարտում» (2003-05թթ.):

Լամը «Բավարիայի» կազմում 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպոն, 6 անգամ՝ երկրի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերագավաթը, մեկական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի և գերմանական լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնության հաղթող: