Հարձակվողներ Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») հավակնում են արժանանալ Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության լավագույն հարձակվողի կոչմանը:

Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին Մոնակոյում Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Մրցանակներ կհանձնվեն 4 անվանակարգերում` լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող:

3 հավակնորդներին ընտրել են նախորդ մրցաշրջանում մրցաշարի խմբային փուլի 32 մասնակից թիմերի մարզիչները և ՈւԵՖԱ-ի անդամ երկրների 55 լրագրողները:

Լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Մանուել Նոյերը («Բավարիա») և Յան Օբլակը («Աթլետիկո»):

Լավագույն պաշտպանի կոչմանը հավակնում են Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս», հիմա` «Միլան»), Սերխիո Ռամոսը և Մարսելոն (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»):

Լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավակնում են Կազեմիրոն, Տոնի Կրոսը և Լուկա Մոդրիչը (բոլորն էլ` «Ռեալ»):

Հիշեցնենք` օգոստոսի 25-ին էլ Մոնակոյում կհանձնվի Եվրոպա լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որին հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան, ինչպես նաև անգլիական թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: