«Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ եթե փողի համար ընտրություն կատարած լիներ, ապա այլ ակումբ կտեղափոխվեր: Ֆուտբոլիստը նոր թիմում կստանա տարեկան 30 միլիոն եվրո:

«Բարսելոնայում» ես ինձ շատ լավ էի զգում, բայց ֆուտբոլիստին միշտ անհրաժեշտ է նոր մարտահրավեր: Սա իմ կյանքի ամենաբարդ որոշումներից էր: Չափազանց բարդ էր «Բարսելոնայից» հեռանալը: Շատ ցավալի է, որ մարդիկ մտածում են, թե փողի համար եմ եկել ՊՍԺ: Եթե այդպես լիներ, ապա ես կընտրեի այլ ակումբ:

Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ցավալի է, որ քննադատում են ինձ: Ֆուտբոլիստը պարտավոր չէ մնալ ակումբում, եթե չի ցանկանում: Խաղացողն իրավունք ունի կառուցել իր ապագան»,- Նեյմարի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Հարձակվողը 2013-ին բրազիլական «Սանթոսից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 186 հանդիպում եւ խփել 105 գոլ:

Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: