Ֆրանսիական ՊՍԺ-ն ներկայացրել է թիմի նորեկ Նեյմարին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլիայի հավաքականի հարձակվողի շնորհանդեսը տեղի է ունեցել Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում:

Նեյմարը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր եւ ստացել 10 համարի մարզաշապիկը: ՊՍԺ-ում նրա նորամուտը սպասվում է «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Հարձակվողը 2013-ին բրազիլական «Սանթոսից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 186 հանդիպում եւ խփել 105 գոլ:

Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: