«Մանչեսթեր Յունայթեդը» զիջեց Մադրիդի «Ռեալին» ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար մրցավեճում: Զիջեց թե՛ հաշվով և թե՛ խաղի որակով: Մոուրինյոյի գլխավորած թիմն ուժեղ է, ունի հզոր կազմ, բայց երեկ կրկին անգամ համոզվեցինք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» եվրոպական ֆուտբոլային էլիտայի շարքում չէ:

Մադրիդյան թիմը հանդիպման մեծ մասն անցկացրեց առանց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուի: Առանց թիմի առաջատարի փայլուն խաղ ցուցադրելու գլխավոր «մեղավորն», ինչ խոսք, գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Առանց թիմի առաջատարի, տպավորիչ խաղ ցուցադրելով, «Ռեալը» ապացուցեց, որ իսկապես Եվրոպայի ուժեղագույն թիմն է:

Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ եթե այս խաղում գործեր տեսակրկնապատկերների համակագ, ապա «Ռեալի» խփած առաջին գոլը մրցավարը չէր հաշվի, և հանդիպումը կավարտվեր ոչ-ոքի՝ 1:1: Թեև Մոուրինյոյի հայտարարության մեջ որոշակի տրամաբանություն կա, այդուհանդերձ, կարծում ենք, այնքան էլ կոռեկտ չէ նման հայտարարություններ անելը: Սա ֆուտբոլ է, և կորցրածն արդեն ետ չես բերի:

«Առաջին կեսի միջնամասում «Ռեալը» դոմինանտի դերում էր: Հանդիպումն ավարտվեց 2:1, ինչը նշանակում է, որ մրցակցի առավելությունն այնքան էլ մեծ չէր, և տրամաբանական կլիներ, եթե նշանակվեր լրացուցիչ ժամանակ: Այո, «Ռեալը» կարող էր ավելի շատ գոլեր խփել, բայց մենք էլ կորցրինք դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություն: Ամեն դեպքում լավ խաղացինք: Որոշ դրվագներում գերազանցեցինք մրցակցին: Ցավում եմ, որ Ռեշֆորդին չհաջողվեց փրկել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ամեն դեպքում գովելի է, որ պարտվելով 2:0 հաշվով՝ մեր թիմը ցուցադրեց կամ և պայքարեց մինչև վերջ: Ուզում եմ առանձնացնել «Ռեալի» խաղը կիսապաշտպանությունում: Մենք չունենք Մոդրիչի, Կազիմիրոյի կամ Իսկոյի պես խաղացողներ »,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Մոուրինյոն:

Վերջինս սպասվածին հակառակ խաղը սկսեց 4-3-3 մարտավարությամբ: Շատերն այն կարծիքին էին, որ «Յունայթեդը» «Ռեալի» դեմ կպայքարի 5-3-2 դասավորությամբ, քանզի հիմնական կազմի միանգամից 5 պաշտպան վնասվածքի և որակազրկման պատճառով շարքից դուրս էին եկել: 5-3-2 մարտավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց «Սամպդորայի» հետ ընկերական խաղում:

Կարծում ենք՝ բոլորը համոզվեցին, որ «Ռեալի» դեմ պաշտպանական գիծը հեռու էր բավարար լինելուց: Ոչ այնքան հաջող էր գործում թիմի նորեկ Վիկտոր Լինդելոֆը: Թույլ խաղ ցուցադրեց հենակետային կիսապաշտպան Անդեր Էրերան, ինչի հետևանքով դաշտի կենտրոնում շարունակ տնօրինում էին իսպանական թիմի ֆուտբոլիստները: Խաղադաշտում իր տեղը չկարողացավ գտնել Լինգարդը, ով առաջին խաղակեսում ամբողջովին ձախողեց խաղը հարձակման ձախ եզրում: Նրան փոխարինած Ռեշֆորդը ևս ոչնչով աչքի չընկավ: Նրա խաղային որակները թույլ չեն տալիս արդյունավետ գործել նման մակարդակի հանդիպումներում:

Երկրորդ կեսում կիսապաշտպանության թույլ խաղի պատճառով ստիպված էր հարձակումից ետ քաշվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նրա կատարած փոխանցումը կարող էր փրկել «Յունայթեդին» պարտությունից, բայց Ռեշֆորդը չօգտագործեց իրական գոլային պահը: Այո, որոշ դրվագներում Մխիթարյանը սխալվեց, բայց վստահաբար կարելի է ասել, որ «Յունայթեդի» կազմում լավագույններից էր, եթե ոչ՝ լավագույնը: Համոզվել ենք, որ մեր ֆուտբոլիստն ավելի արդյունավետ է գործում՝ խաղալով որպես հարձակվող: Վառ օրինակը «Սամպդորիայի» հետ հանդիպումն էր, որում Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:

Վստահ ենք, որ եթե «Ռեալի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանությունը լիներ իր բարձրության վրա, ապա Հայաստանի հավաքականի ավագը գուցե և աչքի ընկեր: Որոշ դրվագներում ֆուտբոլային էգոիզմով աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն, ով գնդակը չփոխանցեց հարվածային դիրքում գտնվող Մխիթարյանին: Որոշակի վերապահումով կարելի է առանձնացնել նաև «Յունայթեդի» մեկ այլ նորեկ Նեմանյա Մատիչին: Վերջինս փորձում էր կարգավորել խաղը կենտրոնում: Ինչ վերաբերում է, Պոգբային, ապա «Յունայթեդի» առանցքային կիսապաշտպանը, մեղմ ասած, չփայլեց: