Սեպտեմբերի 1-ին` Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից հետո, Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.

-Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի հավաքականի նոր դասավորության մասին։

-Ասեմ, որ մինչև կարմիր քարտն այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց։ Գնդակի կորուստը մի քիչ շատ էր մեր կիսադաշտում, ինչի պատճառով մրցակցին հնարավորություններ տվեցինք հակագրոհելու, բայց, ամեն դեպքում, մինչև հեռացումը մեր նախատեսված մարտավարությունը գործում էր։

-Ամեն դեպքում ուզում ենք շնորհավորել Ձեզ։ Թիմն արժանի խաղ ցուցադրեց անկախ արդյունքից։ Կարո՞ղ եք համարել, որ դուք գտաք այն կազմը, որը երկար ընտրում էիք։

-Ցավոք սրտի շնորհավորելու առիթ չկա, մենք խաղում ենք միավորներ վաստակելու համար, ինչն այսօր չստացվեց անել։ Ինչ վերաբերում է մարտունակ կազմին, ապա թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք։

-Գոլը բաց թողեցինք խաղի վերջնամասում։ Կենտրոնացվածությա՞ն պատճառով էր, թե՞ այլ խնդիր կար։

-Կարծում եմ հոգնածության հետևանք էր։ Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները, նույնիսկ գոլից հետո փորձեցին խաղը փրկել։ Կրկնում եմ, որ այսօր մենք արժանի էինք Բուխարեստից մեկ միավոր տանելուն։ Եթե օգտագործեինք մեր հնարավորություններն, ապա ուրիշ խաղ կստացվեր։

-Որևէ ֆուտբոլիստի խաղից հիասթափվա՞ծ եք, օրինակ Մխիթարյանից։

-Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է և մեր թիմն արեց ամեն ինչ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես։

-Ի՞նչն էր պատճառը, որ փոխարինման դուրս եկան երկու հարձակվող։

- Առաջինը` պաշտպաններ չունեինք, որ մտնեին դաշտ, իսկ երկրորդը` հոգեբանական առումով շատ կարևոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ և ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց։

-Երեք օր անց խաղալու ենք Դանիայի հավաքականի հետ։ Ի՞նչ անել, որ թիմը ամբողջությամբ վերակագնվի և պատրաստ լինի այդ խաղին։

-Չհիասթափվել, պետք է հասցնենք վերականգվել, այն ինչ ցույց տվեցինք Ռումինիայի հետ առաջին խաղակեսում, պետք է անենք նույնը Դանիայի հետ 90 րոպեների ընթացքում տանը` մեր երկրպագուների առջև։