Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսում մեկնաբանեց աշխարհի առաջնության ընտրական խաղում դանիացիներից կրած 1:4 հաշվով տնային պարտությունը:

«Կարծում եմ՝ արժանի չէինք այսպիսի հաշվով պարտության, բայց պետք է ընդունել այն, ինչ կա: Խաղը լավ սկսեցինք, բայց չէինք կարողանում պայքարել երկրորդ հարկում: Մրցակիցն ուներ բարձրահասակ խաղացողներ եւ խաղում էր հասարակ ֆուտբոլ: Առաջին գոլը մեր սխալից էր, երկրորդն էլ եղավ տուգանայինից: Մենք պատրաստ էինք խաղին, բայց անտեղի սխալների պատճառով գոլ բաց թողեցինք:

Մեր դարպասպահն արդեն 31 տարեկան է եւ բարդ է ինչ-որ բան փոխել: Մելիքսեթյանը պետք է այնպես անի, որ գնդակը դուրս չգա դաշտից: Բոլորին ասել էինք, որ գնդակը չբարձրացնեին, քանի որ մրցակցի կազմում կան բարձրահասակ խաղացողներ: Երեւի, այդ հարցով ավելի շատ պետք է աշխատանք տանեն ակումբներում, քանի որ մենք հավաքականում ունենք ընդամենը 4 օր:

Այսօր մեր խաղում ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր: Արագ գրոհների ժամանակ փոխանցումը տեղ չէր հասնում: Երբ հոգնածության ֆոնի վրա անցկանցում ես երկրորդ խաղը եւ անընդհատ լինում է գնդակի կորուստ, գալիս է մի պահ, երբ ուժդ չի բավականացնում: Օզբիլիսին փոխարինման դուրս բերեցինք, որպեսզի խաղն իր վրա վերցնի եւ սրություն հաղորդի: Կարծում եմ՝ չստացվեց:

Փոխանցումների տեխնիկան պետք է սովորեցնել մանուկ տարիքից ու ակումբներում: Հավաքականում քիչ ժամանակ կա այդ ուղղությամբ աշխատելու համար եւ դա բավական չէ: Կկրկնեմ, շատ խանգարեց տեխնիկական խոտանը:

Չեմ կարծում, որ մեկնարկային կազմի հարցում սխալվել ենք: Ունենք այն, ինչ ունենք: Պաշտպանությունում այլ տարբերակ չունենք, իսկ Ռուսլան Կորյանին կիսապաշտպանությունում խաղացնելը սխալ չէր: Սարգիս Ադամյանին խաղացնելը եւս ճիշտ էր մյուսների հոգնածության ֆոնի վրա: Արտակ Եդիգարյանն ու Արտակ Գրիգորյանը եւս մեծ աշխատանք կատարեցին: Եդիգարյանը հետաքրքիր ֆուտբոլ խաղաց: Ցավալի է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք կատարում: Գաել Անդոնյանն էլ խաղն ավարտեց ցավերով: Ես հարցրեցի Գաելին, եւ նա ասաց, որ կկարողանա խաղալ մինչեւ վերջ, այդ պատճառով փոխարինեցինք Կորյանին:

Այսօր գրեթե Ռումինիայի դեմ խաղի սխեման էր, միակ տարբերությունը Ռուսլան Կորյանի առաջխաղացումն էր»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից: