Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտադիր է «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում մեկնարկային կազմ վերադարձնել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է Goal.com-ը:

«Նա պետք է պատրաստ լինի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալուն: Հաճելի էր տեսնել, թե ինչպես նրան դիմավորեցին թիմի երկրպագուները Չեմպիոնների լիգայի խաղում «Սեւիլիայի» դեմ (2:2): Ուրախ եմ, որ մեր ակումբային ընտանիքը նրա նկատմամբ այդքան նրբանկատ եղավ: Մարզումների ժամանակ նա ցուցադրում է առավելագույնը»,- ասել է Կլոպը:

Կոուտինյոն ցանկություն ուներ տեղափոխվել «Բարսելոնա», սակայն անգլիական ակումբը հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի գործարքը չկայանա:

Սեպտեմբերի 16-ին կայանալիք «Լիվերպուլ» - «Բարնլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին: