Լեհաստանի հավաքականի հետ մրցախաղում Հայաստանի ընտրանին իր պատմության մեջ ամենաարագ գոլերից մեկը բաց թողեց: Լեհ Քամիլ Գրոսիցկին Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը գրավեց հանդիպման արդեն 2-րդ րոպեին: Ավելի ճշգրիտ՝ գնդակը ցանցում հայտնվեց խաղասկզբից 1 րոպե 46 վայրկյան անց:

Նախկինում նման բան տեղի էր ունեցել 2002թ. Ուկրաինայի և Հունաստանի հավաքականների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում, ինչպես նաև չեռնոգորցիների հետ այս տարի անցկացրած աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ:

Ընդ որում չեռնոգորցի Ֆատոս Բեչիրայն Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը գրավել էր խաղասկզբից 1 րոպե 25 վայրկյան անց:
2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն արդեն 3-րդ խաղում է արագ գոլ բաց թողնում: Մինչ այդ մեր մրցակիցներից արագ գոլի հեղինակ էին դարձել ռումինացի Բոգդան Ստանկուն և արդեն հիշատակված չեռնոգորցի Ֆատոս Բեչիրայը: Նշենք, որ 3 հանդիպումներում էլ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է:

Ընդհանուր առմամբ խաղի առաջին 9 րոպեների ընթացքում մրցակիցներին 31 անգամ հաջողվել է բացել հանդիպման հաշիվը:

Ընդ որում երկու անգամ «աչքի» են ընկել մեր ֆուտբոլիստները՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Առաջին նման դեպքը գրանցվել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ ընտրական առաջին իսկ խաղում՝ 1994թ. սեպտեմբերի 7-ին Բրյուսելում բելգիացիների հետ կայացած մրցավեճում, որում արդեն 4-րդ րոպեին Երվանդ Կրբաշյանը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
2015թ. հոկտեմբերի 11-ին էլ ալբանացիների հետ Եվրոպայի առաջնության ընտրական երևանյան մրցախաղում Կամո Հովհաննիսյանն էր 9-րդ րոպեին դարձել ինքնագոլի հեղինակ:
Հետաքրքիր է, որ արագ գոլ գրանցված 31 հանդիպումներից միայն 2-ում է Հայաստանի հավաքականը հաղթել, 3 անգամ էլ խաղն ավարտվել է ոչ-ոքի: Իսկ ահա 14 անգամ ՀՀ հավաքականը պարտվել է խոշոր հաշվով:
Նման առաջին հաղթանակը ՀՀ հավաքականը տոնել է 2012թ. փետրվարի 29-ին Կանադայի ընտրանու հետ անցկացրած ընկերական խաղի 5-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո (3-1):

Անցյալ տարվա մայիսի 28-ին էլ Գվատեմալայի հավաքականի հետ ընկերական խաղում սեփական դարպասը 7-րդ րոպեին գոլ ընդունելուց հետո մեր ֆուտբոլիստներն ի վերջո 7-1 հաշվով ջախջախեցին մրցակցին՝ տոնելով ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Լեհերն արդեն 3-րդ անգամ դարձան Հայաստանի հավաքականի դարպասը խփած արագ գոլի հեղինակ, ինչը ռեկորդային արդյունք է մրցակիցների մեջ:

Նախկինում աչքի էին ընկել Միրոսլավ Տրժեչիակը (1999թ.՝ 4-րդ րոպեին) և Ռադոսլավ Կալուժնին (2001թ.՝ 5-րդ րոպեին): Այդ հանդիպումներից առաջինն ավարտվել էր լեհերի նվազագույն հաշվով հաղթանակով, իսկ երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1:
2-ական անգամ արագ գոլերի հեղինակ են դարձել Ուկրաինայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականները:

Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ հավաքականի մրցակիցներից 24-ին է հաջողվե խաղի առաջին 9 րոպեներին գրավել մեր ընտրանու դարպասը:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի բաց թողած ամենաարագ գոլերի ցանկը:
Րոպե Գոլի հեղինակ Մրցակից Ամսաթիվ Հաշիվ Մրցախաղ
2-րդ Սերգեյ Սերեբրեննիկով Ուկրաինա 07.09.2002 2:2 ԵԱ
2-րդ Դեմիս Նիկոլաիդիս Հունաստան 16.10.2002 0:2 ԵԱ
2-րդ Ֆատոս Բեչիրայ Չեռնոգորիա 10.06.2017 1:4 ԱԱ
2-րդ Քամիլ Գրոսիցկի Լեհաստան 05.10.2017 1:6 ԱԱ
3-րդ Սիլվիան Վիլտոր Ֆրանսիա 31.03.1999 0:2 ԵԱ
3-րդ Յան Կոլեր Չեխիա 13.10.2004 0:3 ԱԱ
3-րդ Ռոմեո Կաստելեն Հոլանդիա 30.03.2005 0:2 ԵԱ
4-րդ Երվանդ Կրբաշյան (ս.դ.) Բելգիա 07.09.1994 0:2 ԵԱ
4-րդ Միրոսլավ Տրժեչիակ Լեհաստան 03.03.1999 0:1 Ը
4-րդ Վլադիսլավ Կրեյչի Չեխիա 31.08.2016 0:3 Ը
4-րդ Բոգդան Ստանկու (11 մ) Ռումինիա 08.10.2016 0:5 ԱԱ
5-րդ Լարբի Հաբաբի Մարոկկո 17.01.1996 0:6 Ը

5-րդ Ֆեռնանդո Վերգարա Չիլի 04.01.1997 0:7 Ը
5-րդ Ռադոսլավ Կալուժնի Լեհաստան 06.06.2001 1:1 ԱԱ
5-րդ Գորան Պանդև Մակեդոնիա 18.08.2004 0:3 ԱԱ
5-րդ Վյաչեսլավ Գլեբ Բելառուս 04.02.2008 1:2 Ը
5-րդ Քևին Մաքկենա Կանադա 29.02.2012 3:1 Ը
6-րդ Անդրեյ Շևչենկո Ուկրաինա 07.05.1997 1:1 ԱԱ
6-րդ Սենիջադ Իբրիչիչ Բոսնիա 05.09.2009 0:2 ԱԱ
7-րդ Անդրեաս Սոտիրիու Կիպրոս 16.11.1994 0:2 ԵԱ
7-րդ Վալերի Կարպին Ռուսաստան 27.03.1999 0:3 ԵԱ
7-րդ Զազա Ջանաշիա Վրաստան 06.02.2000 1:2 Ը
7-րդ Խուան Կառլոս Վալերոն Իսպանիա 11.10.2003 0:4 ԵԱ
7-րդ Լոիկ Ռեմի Ֆրանսիա 14.10.2014 0:3 Ը

7-րդ Կառլոս Ռուիս Գվատեմալա 28.05.2016 7:1 Ը
8-րդ Վլադիմիր Բեսչաստնիխ Ռուսաստան 04.09.1999 0:2 ԵԱ
8-րդ Խուան Կապդևիլիա Իսպանիա 10.09.2008 0:4 ԱԱ
8-րդ Արունաս Կլիմավիչուս Լիտվա 10.08.2011 0:3 Ը
8-րդ Մայքլ Միֆսուդ Մալթա 07.06.2013 0:1 ԱԱ
9-րդ Շեֆկի Կյուգի Ֆինլանդիա 09.10.2004 1:3 ԱԱ
9-րդ Կամո Հովհաննիսյան (ս.դ.) Ալբանիա 11.10.2015 0:3 ԵԱ