Լեհաստանի հավաքականի հետ հանդիպման 18-րդ րոպեին տուգանային հարվածով Ռոբերտ Լևանդովսկու խփած գնդակը Հայաստանի հավաքականի անցկացրած 188 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 500-րդ գոլն էր:

Ընդհանուր առմամբ այդ հանդիպումներում գրանցված 505 գոլերից 177-ը բաժին է հասնում ՀՀ հավաքականին, 328-ը խփել են մեր մրցակիցները: Ընդ որում ՀՀ հավաքականի օգտին գրանցված գոլերից 4-ը խփել են մրցակցի ֆուտբոլիստները՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Իրենց հերթին մեր ֆուտբոլիստներն էլ 7 անգամ գնդակն ուղարկել են սեփական դարպասը:
ՀՀ հավաքականի հանդիպումներում առաջին գոլը գրանցվել է մեր ընտրանու անցկացրած 2-րդ խաղում:

Գոլի հեղինակ է դարձել ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Ֆրանկ Կլոպասը, ով 1994թ. մայիսի 15-ին Ֆուլերտոնում կայացած ընկերական խաղի 64-րդ րոպեին գրավել է Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:
Հոբելյանական՝ 100-րդ գնդակը խփվել է ՀՀ հավաքականի անցկացրած 40-րդ խաղում: Այն գրանցվել է իսլանդացի Ռիխարդուր Դադասոնի հաշվին, ով գրավել է Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

Հետաքրքիր է, որ 200-րդ գոլի հեղինակը «Փյունիկի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոյի ավագ որդին է՝ կրտսեր Ալեքսեյը, ով երկար տարիներ հանդես է եկել Ֆինլանդիայի հավաքականում:
Հոբելյանական գոլերից միայն 400-րդն է գրանցվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին:

Գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Իտալիայի հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետիի պաշտպանած դարպասը:
Նշենք նաև, որ հաջորդ՝ 500-րդ գոլի հոբելյանը նշելու համար հարկ եղավ անցկացնել ամենաքիչ հանդիպումները: Հերթական 100 գոլերը խփելու համար ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին և նրանց մրցակիցներին ընդամենը 30 խաղ բավարար եղավ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, ով դարձել է 22 գոլի հեղինակ: Մեր մրցակիցներից ՀՀ հավաքականին առավել մեծ տհաճություն է պատճառել Ուկրաինայի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Անդրեյ Շևչենկոն, ով իր հաշվին գրանցած 48 գոլերից 7-ը խփել է Հայաստանի ընտրանու դարպասը:
Մրցակիցներից երկրորդ ցուցանիշն ունի պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով 5 անգամ խոցել է Հայաստանի հավաքականի դարպասը:

4 –ական գոլի հեղինակ են դարձել չեռնոգորցի Ստևան Յովետիչն ու լեհ Ռոբերտ Լևանդովսկին:
VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հանդիպումներում գրանցված հոբելյանական գոլերի հեղինակներին:

Գոլ Գոլի հեղինակ Մրցակից Ամսաթիվ Հաշիվ Մրցախաղ
100-րդ Ռիխարդուր Դադասոն Իսլանդիա 05.06.1999 0-2 ԵԱ
200-րդ Ալեքսեյ Երյոմենկո Ֆինլանդիա 08.09.2004 0-2 ԱԱ

300-րդ Դանիել վան Բյույտեն Բելգիա 09.09.2009 2-1 ԱԱ
400-րդ Յուրա Մովսիսյան Իտալիա 15.10.2013 2-2 ԱԱ
500-րդ Ռոբերտ Լևանդովսկի Լեհաստան 05.10.2017 1-6 ԱԱ