Այս մղձավանջը, վերջապես, ավարտվեց: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում, որի E խմբում գրավեց նախավերջին 5-րդ տեղը եւ լքեց պայքարը:

Լեհաստանի եւ Ղազախստանի հավաքականների դեմ վերջին 2 խաղերն արտացոլեցին հայկական թիմի անցած ուղին այս ընտրական փուլում:

Լեհերի դեմ երեւանյան խաղին, երեւի, անդրադառնալ պետք չէ, քանի որ լուսատախտակի 1:6 հաշիվն արդեն ամեն բան ասում է: Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղն այս մրցավեճում խայտառակություն որակեցին բոլորը, նույնիսկ՝ դրա հեղինակները: Ամենացավալին այն էր, որ դաշտում հայ ֆուտբոլիստների մոտ նկատվում էր ցանկության պակաս: Սպորտում պարտվել կարող են բոլորը, սակայն եթե պարտվել, ապա միայն կեցցեների ու ծափահարությունների ներքո, իսկ մեր պարտությունը շատ հեռու էր այդպիսին լինելուց: Գուցե Հայաստանի հավաքականի խաղացողներին չի կարելի մեղադրել նրա համար, որ նրանք լեհերին զիջում են տաղանդով ու վարպետությամբ, սակայն ցանկությամբ ու ամեն գնով մինչեւ վերջ պայքարելու ձգտումով մրցակցին զիջելն անթույլատրելի է ազգային թիմի համազգեստով հանդես եկող ֆուտբոլիստի համար: Այն, որ Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր խաղային օղակներում կան խնդիրներ, երեւաց լեհերի դեմ խաղի հենց առաջին րոպեներից:

 

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ ինքն է պարտության մեղավորը եւ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանն անում նման հայտարարություն: Սակայն պետք չէ մոռանալ, որ Մխիթարյանը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը խաղալու է հայ ազգի համար, իսկ նրա թիմակիցները դաշտում ցույց տվեցին, թե ինչպես ոչ մի դեպքում չի կարելի խաղալ ազգի համար...

 

Վերջին տուրում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն Աստանայի «Աստանա Արենա» արհեստական խոտածածկով ստադիոնում հյուրընկալվեց խմբի հետնապահ ղազախներին, որոնք ունեին կադրային խնդիրներ: Սպասելիքները շատ էին, որ Հայաստանի հավաքականը հաղթանակով կավարտի ձախողած ընտրական փուլը եւ մի փոքր կսփոփի հայ երկրպագուների հիասթափությունը: Անկեղծ ասած, նույնիսկ Ղազախստանի հավաքականին հաղթելն անիրական էր թվում ինձ համար: Ինչո՞ւ պետք է հաղթենք ղազախներին, որոնք ունեն բավական ուժեղ ներքին առաջնություն, որն, ի տարբերություն Հայաստանի Բարձրագույն խմբի, չի թուլանում տարեցտարի: Աստանայում հաղթանակը մոտ էր, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը չկարողացան պահպանել առավելությունը եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով:

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հանդիպումից հետո նշեց, որ թիմը հոգնել էր երկրորդ խաղակեսում, այդ պատճառով անցկացրեց տարբեր խաղակեսեր: Սա հայ մարզիչների կողմից հաճախ հնչող արտահայտություն է. «Մրցակիցն ավելի արագ էր, մենք պատրաստ չենք նման արագության եւ այլն»: Այստեղ հարցեր են առաջանում: Հասկանում ենք, որ վարպետությամբ ու ֆուտբոլային ինտելեկտով գուցե զիջում ենք եվրոպական առաջատար երկրների խաղացողներին, սակայն, արդյո՞ք հնարավոր չէ գոնե ֆիզիկապես ու արագությամբ չզիջել մրցակիցներին: Մի՞թե Հայաստանի հավաքական են հրավիրվում ֆիզիկապես անպատրաստ ֆուտբոլիստներ...

Արթուր Պետրոսյանը վերջին 2 խաղերում ընտրել էր բավական «հետաքրիր» մեկնարկային կազմեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խաղում էր իր համար անարդյունավետ դիրքում՝ հենակետային կիսապաշտպանի: Շատերը շտապեցին քննադատել մարզիչին, սակայն, կարծում եմ, ռոտացիայի համար նրան մեղադրել պետք չէ: Պետրոսյանը ցանկացավ գոնե ձախողված ընտրական փուլի վերջին խաղերում խաղալու հնարավորություն տալ մյուսներին:

 

Շատ էին խոսակցությունները, որ վերջին 2 խաղերում պարտվելու դեպքում ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում կհայտնվենք ամենաթույլ դիվիզիոնում, որտեղ լավ շանսեր կունենանք Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար: Սակայն մի բան պարզ է ու հասկանալի, որ այսպիսի խաղով լավ արդյունք ակնկալել չենք կարող նույնիսկ ֆուտբոլային Եվրոպայի հետնապահների դեմ խաղերում:

Արթուր Պետրոսյանը լուծումը տեսնում է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների բերելու մեջ, ինչը խոսում է այն մասին, որ հայկական ֆուտբոլը դեռ անհույս վիճակում է:

Հայաստանի հավաքականի «ոսկե սերունդն» արդեն գրեթե անցյալում է, իսկ հաջողությունները եղան միայն կարճատեւ ու ոչ մնայուն: Ինչպես կասեր Մարկոս Պիզելին, մեղավոր են բոլորը, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ բոլորն են մեղավոր...

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի ընթացքում ընկերական խաղեր անցկացնելու փոխարեն որոշեց դա անել վերջում: Նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կկայանա Բելառուսի հավաքականի հետ հանդիպումը: Կլինի հիասթափության նոր ալիք, թե՝ ոչ, ցույց կտա այդ հանդիպումն ու Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Դավիթ Եղիազարյան