Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 7 աստիճան եւ զբաղեցնում է 90-րդ տեղը: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ունի 414 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան մնացել է չորրորդ տեղում, իսկ բելգիացիները 5-րդն են: Լավագույն տասնյակում են նաեւ Լեհաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Պերուն:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բելառուսը նահանջել է 14 աստիճան եւ հայտնվել 91-րդ տեղում: Հայաստան - Բելառուս ընկերական խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: