«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ այսօր կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով.

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Գվարդիոլային, ով մեր մասին շատ լավ բաներ է ասել: Նրա հաճոյախոսությունները շատ հաճելի են, չէ՞ որ հիմա նա մոլորակի լավագույն մարզիչն է:

25 տարի առաջ ֆուտբոլի ռահվիրան Արիգո Սակին էր, բայց, հնարավոր է, մի քանի տարուց Գվարդիոլայի ազդեցությունը ֆուտբոլի վրա պակաս նշանակալի չի լինի:

Այնպիսի զգացողություններ, ինչպիսիք ես ունեցել եմ «Սիթիի» խաղերը դիտելիս, չեմ ունեցել նույնիսկ նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ խաղին նախապատրաստվելիս: Ես միշտ իմացել եմ, որ իմ թիմը կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար: Բայց հիմա, երբ հետևում եմ «Սիթիին» գործի մեջ, տեսնում են անհավանական զորեղ թիմ, և սա պարզապես զգացողություն չէ: Այդ ամենն ամրապնդվում է վիճակագրությամբ:

Ես դիտել եմ «Սիթիի» խաղերը, բայց չեմ ցանկացել դա անել շատ հաճախ, որպեսզի դեպրեսիայի մեջ չընկնեմ: Կարծում եմ` «Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է` մեկ գլուխ բարձր լինելով մյուսներից:

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից այսօրվա խաղը կարևոր չէ: «Սիթին» բոլորովին այլ մակարդակի վրա է: Կարծում եմ` նրանք կզբաղեցնեն առաջին տեղը, այնպես որ մեզ համար որոշիչ կլինեն մյուս ակումբների հետ խաղերը»,- Սարիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթի»-«Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 17-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: