«Վիլյառեալի» հարձակվող Կառլոս Բական, խոսելով Իտալիայում անցկացրած ժամանակաշրջանի մասին, խոստովանել է, որ հանդես է եկել պատմության վատագույն «Միլանի» կազմում:

Հենց այդ ակումբից է կոլումբացի ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով տեղափոխվել իսպանական ակումբ.

«Այն տարիները, որոնք ես անցկացրել եմ «Միլանի» կազմում, կարելի է բավարար անվանել: Ես հասել եմ իմ առջև դրված նպատակներին: Ամեն ինչ կարող էր ավելի լավ դասավորվել, բայց այդպիսի իրավիճակում պետք է թիմի տնօրենների օգնությունը: Ես խաղացել եմ պատմության վատագույն «Միլանում»:

30 տարի անց Բեռլուսկոնին վաճառեց թիմը, իսկ գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի և նոր սեփականատերերի հետ մենք այլ հայացքներ ունեինք: Ես հեռացել եմ գլուխս բարձր: «Միլանը» հայտնվեց եվրագավաթներում, և ես նպաստել եմ դրան: Երջանիկ եմ, որ նրանք հիմա խաղում են այնտեղ: Դա էր իմ նպատակը»,- Բակայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Նշենք` 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը: Այդուհանդերձ, «Վիլյառեալն» իրավունք ունի գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը 15,5 մլն եվրոյի դիմաց: