Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը, երբ նրան չի հաջողվում դառնալ գոլերի հեղինակ:

Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը գոլային փոխանցում էր կատարել Իսկոյին, սակայն իսպանացու խփած գոլից հետո չէր տոնել այն:

«Դա շատ բան է ասում Ռոնալդուի մասին: Հնարավոր է, որ կողքից նայելիս թվում է՝ դա անընդունելի պահվածք է: Սակայն Կրիշտիանուն այդպիսին է, և հենց այդ հատկանիշների շնորհիվ է դարձել պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Բնական է, որ նա նյարդայնանում է, քանի որ սովոր է խաղում 3-4 գնդակ խփել:

Ռոնալդուն ուրախանում է թիմի հաղթանակներով, սակայն նա սիրում է գոլերի հեղինակ դառնալ, դրանում է նրա երջանկությունը: Ես նույնպես այդպիսի զգացողություններ եմ ունենում, ճիշտ է, ոչ այդ աստիճանի»,- Մորատայի խոսքը մեջբերում է «AS»-ը: