Մոտենում ենք տարեվերջին՝ ամփոփումների շրջանին։ Ոչ միայն կառավարության անդամներն են պատրաստվում հանդես գալ հաշվետվություններով՝ ասուլիսներ, թիվի-հարցազրույցներ, այլեւ թոփ-տասնյակներ որոշելու ժամանակն է՝ տարվա ամենակարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային իրադարձությունները, տարվա լավագույն սպորտսմենները եւ այլն։ Լավագույն սպորտսմենների տասնյակի թեման ամենից աղմկոտ թեմաներից է՝ վերջին տարիներին այն բուռն քննարկումների տեղիք է տալիս։ Հիշեցնենք, որ հատկապես աղմուկի պատճառ էր դառնում Հենրիխ Մխիթարյանի եւ Լեւոն Արոնյանի բացակայությունն այս տասնյակից։

Ի դեպ, տասնյակը կազմում էր Մարզական լրագրողների ասոցիացիան՝ փորձառու սպորտային լրագրող Յուրի Ալեքսանյանի գլխավորությամբ՝ ասոցիացիայի 40-50 անդամների քվեարկության արդյունքում։ Հնչած քննադատություններին նրանք արձագանքում էին, որ առաջնորդվել են մարզիկների ՕԳԳ-ով՝ տարվա ընթացքում բերած մեդալներով եւ դա իրենց մասնավոր կարծիքն է, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է կազմել իր տասնյակը։ Բացատրում էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում գոլ չի խփել, իսկ Արոնյանն այդ տարի հաղթանակներով հանդես չի եկել, ինչու ընդգրկել լավագույն տասնյակում։

Ի դեպ, անցած տարի ամենաթեժ քննադատողներից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էր։ Մենք տեղեկացանք, որ այս տարի եւս Մարզական լրագրողների ասոցիացիան որոշելու է լավագույն տասնյակին, բայց ամենայն հավանականությամբ Լեւոն Արոնյանը կհայտնվի ցանկում, քան որ այս տարի հաղթանակներով լի տարի է եղել նրա համար։ Սակայն սպրոտի նախարարությունը նույնպես որոշել է իր տասնյակը կազմել, անգամ հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահը փոխնախարար Արսեն Քարամյանն է։