Իտալական լրատվամիջոցները շարունակում են քննարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Միլանի «Ինտեր» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հեղինակավոր Corriere dello Sport-ը գրում է, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է «Ինտեր» տեղափոխվել վարձակալությամբ, հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ: Սակայն խնդիրն այն է, որ Մխիթարյանը Եվրամիության երկրի քաղաքացիություն չունի, իսկ Իտալիայում գործում է Եվրամիության քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների քանակի սահմանափակում:

Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուի հետ: Վերջին շրջանում անգլիական թիմի հայտացուցակից դուրս մնացած Մխիթարյանն արտահերթ հանդիպում էր ունեցել Մոուրինյոյի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը:

Նյութի աղբյուրը NEWS.am