«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն որոշել է հեռանալ իր ներկայիս թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Sport.es»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի որոշումը վերջնական է և քննարկման ենթակա չէ:

Իսպանական գրանդի ղեկավարությունն իր հերթին ֆուտբոլիստի համար երաշխավորում է տեղափոխություն չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբ` առանց որևէ խոչընդոտի:

Սպասվում է, որ գործարքը կկայանա առաջիկա օրերին` անկախ նրանից, թե չինական ակումբը ֆուտբոլիստի համար ավե՞լ կվճարի, թե՞` ոչ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա Մասկերանոյի համար առաջարկում են 6 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» իր հերթին կցանկանար այդ գործարքից ոչ պակաս, քան 10 մլն եվրո ստանալ: