Լոնդոնի «Արսենալի» նոր սկաուտ Սվեն Միսլինտատը, ով նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», կազմել է «զինագործների» տրանսֆերային նպատակների ցուցակը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Գերմանիայի առաջնությունում հանդես եկող երկու պաշտպանի` 21-ամյա ֆրանսիացի Աբդու Դիալոյի («Մայնց») և 20-ամյա գերմանացի Ֆելիքս Ուդուոհայի («Վոլֆսբուրգ») ծառայություններով:

«Զինագործների» ավագ Պեր Մերտեսակերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան և կդառնա ակումբի ակադեմիայի մարզիչ:

Բացի այդ, «Արսենալը» դիտարկում է ֆրանսիական «Նիսի» 26-ամյա կիսապաշտպան Ժան-Միքայել Սերիի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:

Մեսութ Օզիլի` ակումբը լքելու դեպքում «Արսենալը» կփորձի բանակցություններ վարել «Լիոնի» առաջատարներից մեկի` 24-ամյա կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի հետ: