Հենրիխ Մխիթարյանը համապատասխանում է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խաղային համակարգին, ասել է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին խաղացող եւ մարզիչ Թիմ Շերվուդը:

«Կարծում եմ՝ Գվարդիոլան կցանկանար հրավիրել Մխիթարյանին: Գնդակ ստանալու, շրջվելու, մրցակցին շրջանցելու որակներով հայ ֆուտբոլիստը համապատասխանում է Գվարդիոլայի խաղաոճին: Մխիթարյանը Գյունդոգանից սուր է գործում: Իլկայը խաղային տեսանկյունից ավելի կայուն է, սակայն Հենրիխն ավելի ստեղծագործող է: Այժմ Մխիթարյանի տեղափոխությունն ավելի հավանական է՝ հաշվի առնելով նրա խնդիրները հայտացուցակում հայտնվելու հետ կապված»,- Շերվուդի խոսքը մեջբերում է dailystar-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղին մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման։

«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով 23:55-ին:

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ հնարավոր է՝ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի այդ հանդիպմանը:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT