Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանն այս տարի անակնկալ այցելեց Հայաստան, այնպես, որ գրեթե ոչ ոք չիմացավ: Նա NEWS.am Sport-ի թղթակցին պատմել էր, որ հորը անակնկալ մատուցելու համար էր եկել Հայաստան: Մինչ Յանան կփորձեր 17 տարվա սպասումից հետո անակնկալը մատուցել, օլիմպիական չեմպիոնի հայրը, երեւանաբնակ Կարապետ Ալավերդյան արդեն տեղեկացել էր դստեր այցի մասին եւ աղջկա անակնկալը ձախողել: Որպես տարվա ամենատպավորիչ իրադարձություն, օլիմպիական չեմպիոնը կառանձնացնի հենց այդ հանդիպումը հոր հետ:

NEWS.am Sport-ի ընթերցողների համար Յանա Եգորյանն ամփոփել է մարզական եւ անձնական տարին:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնի 2017 թվականը…

Ինձ համար մրցաշրջանը լավ սկսվեց, բայց տարվա վերջում անկում էր: Ինքս ինձանից եւ այն պատկերից, որը հիմա տեսնում եմ` ամփոփելով իմ տարին, միանշանակ, գոհ չեմ: Պատճառները պարզ են` աշխարհի առաջնությունը ձախողեցի: Վատ էի մարզվում, կային վնասվածքներ, իսկ գլխումս, անկեղծ ասած, սպորտը եւ լավ մարզավիճակ ձեռք բերելը չէր. ուղեղս ամբողջ տարվա ընթացքում այլ տեղում էր:

Չեմ կարող ասել, թե ինչու այսպես ստացվեց. գուցե, Օլիմպիական խաղերից հետո հոգնածությունն իր դերն ունեցավ, գուցե, այլ պատճառներ կային, չգիտեմ: Առհասարակ, Օլիմպիական խաղերից հետո մարզիկներն հոգնում են, բայց նրանք նաեւ հաղթում են կարեւոր մրցաշարերում, որքան էլ ունենում են այդ հոգնածությունը: Բայց երեւի ես այդպիսին չեմ, ես օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո երեւի հաղթող չեմ…

Ռիոյից հետո լրիվ ուժասպառ էի եղել, բայց անմիջապես վերսկսեցի մարզումներս: Դադար չունեցա, ինչի հետեւանքով ժամանակի ընթացքում ամեն ինչ գնաց դեպի անկում, իսկ այդ ժամանակ արդեն հետ կանգնելու, դադար տալու հնարավորություն ուղղակի չունեի. սկսել էի, պետք է շարունակեի: Հենց այս վիճակից ելնելով, մրցումներից հաճախակի վերադառնում էի վնասվածքներով: Ունեի ոտքի վնասվածք, կոտրված էր ոտքիս մատը, բայց հավաքականի հետ մեկնեցի Եվրոպայի առաջնության, որտեղ մենք նվաճեցինք արծաթե մեդալ: Այս վիճակում մրցահարթակ դուրս գալը ավելի բարդացրեց վնասվածքս, չկարողացա համապատասխան մարզավիճակ ձեռք բերել աշխարհի առաջնությունից առաջ: ԱԱ-ում պարտվեցի, ուղղակի ձախողեցի: Բայց ոչ թե վնասվածքիս պատճառով, այլ որովհետեւ ես իսկական «հավ» էի:

Կյանքը` սպորտից դուրս…

Սպորտից դուրս շատ արդյունավետ տարի ունեցա: Վերջապես ավարտեցի իմ բնակարանի վերանորոգումը, ինչն ինձ համար շատ կարեւոր իրադարձություն էր: Բացի այդ, 17 տարի անց վերջապես եկա Հայաստան, հանդիպեցի ընտանիքիս հետ, հորս հետ: Եթե տարին գնահատեմ սպորտից դուրս, ապա 2017-ն ինձ համար իրականում շատ լավ անցավ ու հետաքրքիր:

2017-ի ամենահիշվող օրը…

Այս տարին իսկապես շատ հիշարժան կլինի ինձ համար, քանի որ ես վերջապես եկա Հայաստան: Իսկ ամենահիշվող օրս հայրիկիս հետ հանդիպումն էր` հոկտեմբերի 9-ը:

2017-ի չիրականացած երազանքը…

Ունեի այդպիսի մի երազանք, որը շատ էի ուզում` իրականանար, բայց… չստացվեց: Անձնական հարց է, եւ չէի ցանկանա դրա մասին բարձրաձայնել: Մասնակի կասեմ, որ որոշ իրադարձություններ պետք է տեղի ունենային անձնական կյանքում, բայց չստացվեցին: Իհարկե, չեմ տխրում չիրականանալու համար…

2018-ի երազանքներն ու նպատակները…

Երազել սիրում եմ, երազանքներ պահում եմ, շատ են երազանքներս: Բայց 2018-ի համար նպատակներ ունեմ: Սպորտում իմ առջեւ խնդիր եմ դրել 2018-ում լավ մարզվել, մրցաշարերում հանդես գալ իմ հնարավորությունների առավելագույն չափով, մասնավորապես Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ամենաբարձր արդյունքները գրանցել:

Սպորտից դուրս ցանկանում եմ մեծ փոփոխություն անել կյանքում՝ Մոկսվայից տեղափոխվել Սոչի: Դեռեւս չեմ հասկանում, արդյոք վերջնական ուզում եմ տեղափոխվել, թե ոչ: Բայց ծրագրերում կան: Սոչի քաղաքը սիրում եմ, այնտեղի եղանակային պայմաններն են ինձ դուր գալիս: Եթե որոշեմ տեղափոխվել, կշարունակեմ մարզվել եւ մարզումներս անցկացնել Մոսկվայում: Մեր հավաքականում քննարկվում է Սոչիում մեծ թվով ուսումնամարզական հավաքներ անցկացնելը, եթե հաստատվի այն, ես կտեղափոխվեմ:

Յանա Եգորյանը եւ Նոր Տարին…

Նոր Տարին ինձ համար սովորական տոն է: Այս օրերին Մոսկվան ուղղակի պայթում է, բոլորը վազում են նվերներ գնելու, ամանորյա սեղանի գնումներ են անում: Ինձ մոտ նման խուճապային վիճակներ չկան, քանի որ մայրիկիս տանը, ընտանիքիս, տատիկիս հետ պետք է դիմավորեմ Նոր Տարին: Նրանք պատրաստությունները տեսնում են, իսկ ինձ մնում է միայն գնալ նրանց մոտ:

Ես միայնակ եմ ապրում, իմ բնակարանը շատ փոքր է, այդ պատճառով տոնածառ չունեմ: Նույնիսկ տեղ չկա տոնածառ դնելու: Բայց մայրիկիս տանը կզարդարեմ տոնածառ:

Մանկությանս տարիներից լավ հիշողություններ ունեմ, քանի որ շատ ուրախ էինք նշում մեր ընտանիքում Նոր Տարին: Հավատում էի, որ գոյություն ունի Ձմեռ պապ, բայց նամակներ նրան չէի գրում, քանի որ Երեւանում այն ժամանակ լույս չկար: Մայրս միշտ պատմում է, որ մի Նոր Տարի ես քնած եմ մնացել, Ամանորյա պատրաստություններին օգնել եմ նրան եւ հոգնածությունից քնել եմ: Այդ ժամանակ եղել եմ 4 տարեկան:

Ամանորյա նվերներին այդքան մեծ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ հարազատ մարդուն նվեր տալու համար սովորաբար չեմ սպասում տոն լինի: Ինձ շրջապատողները բոլորն էլ գիտեն, որ իմ յուրաքանչյուր ճամփորդությունից վերադառնում եմ նվերներով: Օրերս եմ վերադարձել Մեքսիկայից, որտեղ մասնակցեցի սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, այտեղից նվերներ եմ բերել, որոնք իրենց հասցեատերերին կհասնեն դեկտեմբերի 31-ին:

Նյութի աղբյուրը` NEWS.am SPORT