«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարծում է, որ իր թիմի համար աններելի կլիներ «Ռեալին» 19 միավորով զիջելը:

Իսպանիայի առաջնության 19 տուրի արդյունքներով «Բարսելոնան» 51 միավոր է վաստակել, մինչդեռ «սերուցքայինները» 32 միավոր ունեն, չնայած Զիդանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Եթե մենք «Ռեալին» զիջեինք 19 միավորով, Բարսելոնայում մեզ կսպանեին: Իհարկե, մենք շատ մեծ առավելություն ունենք, սակայն «Ռեալը» կպայքարի մինչև վերջ»,- Ալբայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Իսկ «Ռեալ Սոսյեդադի» հետ երեկ անցկացրած խաղի մասին Ալբան ասել է հետևյալը.

«Հաջողության գաղտնիքը հենց թիմի մեջ է: Մեզ մոտ բոլորը խաղում են միանգամայն նվիրումով: Իհարկե, վճռորոշ դեր են խաղում հարձակման գծի խաղացողները»:

Հիշեցնենք` «Բարսելոնան» բասկյան թիմին 0:2 հաշվով պարտվելուց հետո կամային հաղթանակ է տոնել 4:2 հաշվով: