«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հավանական տեղափոխությունը ՄՅՈւ համեմատել է լոնդոնցիների նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի` մանկունիացիների ակումբ տեղափոխության հետ:

«Մենք վան Պերսիի հետ պայմանագիր կնքեցինք, երբ նա հանդես էր գալիս «Ֆեյենորդի» երիտասարդական թիմում:

Մենք նրա հետ հսկայական աշխատանք կատարեցինք: Երբ դու ֆուտբոլիստներին հասցնում ես թոփ-մակարդակի և հետո նրանք հեռանում են, անկասկած, ավելի մեծ ցավ ես ապրում: Եվ հետո նրանք այդ մակարդակը ցուցադրում են` հանդես գալով ուրիշ ակումբի կազմում:

Բայց Սանչեսի դեպքում կլինի ոչ միայն «հեռացում», այլև` «փոխանակում» (ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ- խմբ.), և այս տրանսֆերն ավելի հեշտ կլինի մարսելը, այն ավելի քիչ է հիասթափեցնում: Այո, մենք կորցնում ենք ֆուտբոլիստի, բայց կարող ենք ստանալ մեկ ուրիշին, որը, կարծում եմ, կարող է փոխարինել Սանչեսին»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այսօր ձևակերպել Սանչեսի տեղափոխությունը: