«Բարսելոնան» և թիմի նախկին ֆուտբոլիստ Նեյմարն իրենց հարաբերությունները կպարզեն դատարանում:

Բրազիլացին ակումբից ցանկանում է ստանալ այն 30 մլն եվրոն, որոնք խոստացել էին իրեն որպես բոնուս` նվիրվածության համար:

Երբ «Բարսան» իմացել է Նեյմարի` ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին, որոշել է չվճարել նրան այդ գումարը: Կատալոնական ակումբում վստահ են, որ քանզի բրազիլացին որոշել է տեղափոխվել Փարիզ, խախտել է պայմանագրի պայմանը:

Մինչդեռ Նեյմարն այս մտքի հետ բոլորովին համաձայն չէ, այդ իսկ պատճառով կդիմի դատարան: Եթե Նեյմարը շահի դատը, ապա «Բարսելոնայի»` 4 տարվա ընթացքում ֆուտբոլիստի համար ծախսած գումարները կգերազանցեն 230 մլն եվրոն:

Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» պատասխան հայցն է ներկայացրել դատարանին` 75 մլն եվրո պահանջելով ֆուտբոլիստից այն եկամուտների համար, որ վերջինս ունեցել է կատալոնացիների հետ պայմանագիրը երկարաձգելու շնորհիվ: Այդ գումարի մեջ ներառված է նաև վնասի համար տուգանքը:

Հիշեցնենք` Նեյմարը 2017 թվականի ամռանն է ռեկորդային` 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: