«Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երեկ հայտարարեց, որ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու և Լոնդոն տեղափոխվելու որոշում կայացնելու հարցում առանցքային է եղել Հենրիխ Մխիթարյանի դերը: Հիշեցնենք, որ Մխիթարյան-Օբամեյանգ զույգը ժամանակին փայլել էր Բունդեսլիգայում:

«Իսկապես երջանիկ եմ կրկին Հենրիխ Մխիթարյանի հետ նույն ակումբում ելույթ ունենալու համար: Հենրիխը լավ ընկեր է և ինձ համար եղբոր պես է: Մենք միասին խաղացել ենք նախկինում և կարծում եմ լավ արդյունք ենք ցույց տվել: Իսկապես, երջանիկ եմ նրան կրկին տեսնելու համար: Նա մի քանի անգամ զանգահարել էր ինձ և հետաքրքրվել, արդյո՞ք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Պատասխանս կախված էր Մխիթարյանից: Նա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, որից հետո ես տեղափոխվեցի Լոնդոն: Դա ֆունդամենտալ գործոն էր իմ տեղափոխության հարցում: Մենք հասկանում էինք իրար թե խաղադաշտում, և թե խաղադաշտից դուրս: Կարծում եմ, որ դա հեշտացնում է մեր համագործակցությունը մրցավեճերի ժամանակ»,- ասել էր Օբամեյանգը «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Մխիթարյանի և Օբամեյանգի վերամիավորումը կարելի բացառիկ համարել եվրոպական ֆուտբոլում: Դժվար է վերջին 20 տարիներին հիշել մի դեպք, երբ թոփ առաջնություններում ելույթ ունեցող երկու վառ անհատականություն, որոնք թիմի շարժիչ ուժն են, բաժանվելուց հետո նորից միավորվեն մեկ այլ գրանդ ակումբում: Ինչ խոսք վերամիավորման հարցում նշանակություն է ունեցել նաև մարդկային գործոնը:

«Բորուսիայից» հեռանալուց հետո Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում» որոշակի անկում ապրեց: Շատ էր խոսվում, որ «Յունայթեդում» հայ ֆուտբոլիստը խաղադաշտում չունի ընկեր, որի հետ կկարողանա համագործակցել և արդյունավետ խաղ ցուցադրել: Այդ ժամանակահատվածում շարունակ հիշատակվում էր Մխիթարյան-Օբամեյանգ դուետը: Ու այսօր խաղային այս զույգը ունի հիանալի հնարավորություն փայլելու նաև Պրեմիեր լիգայում: «Բունդեսլիգայում Օբամեյանգը խաղացել է Մխիթարյանի հետ և նրանք իրար շատ լավ գիտեն: Ես հիշում եմ նրանց համագործակցությունը: Խաղային այս զույգն այդ տարիներին լավագույններից էր Եվրոպայում: Կարծում եմ` հիանալի է, երբ երկու տարբեր ակումբներից ֆուտբոլիստների ես ձեռք բերում և նրանք արդեն միասին խաղալու փորձ ունեն»,- ասել է «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին:

Այս երկու ֆուտբոլիստները Դորտմունդի «Բորուսիայի» կազմում միմյանց հետ անց են կացրել 3 մրցաշրջան: 2015/16 թթ․ մրցաշրջանում Մխիթարյանն ու Օբամեյանգը գոլ+ փոխանցում համակարգով միասին ընդհանուր առմամբ վաստակել են 106 միավոր, ինչը փայլուն ցուցանիշ կարելի է որակել: Մասնավորապես, Մխիթարյանը հանդես գալով կիսապաշտպանությունում՝ խփել 23 գոլ և կատարել 32 գոլային փոխանցումով: Օբամեյանգն էլ խփել է 39 գոլով և դարձել 12 գոլային փոխանցման հեղինակ: Շատ փորձագետներ և վերլուծաբաններ այն կարծիքին են, որ «Բորուսիան» սկսեց նահաջել այն բանից հետո երբ վաճառեց Մխիթարյանի տրանսֆերը:

«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է առանձնացնեմ Մխիթարյանի և Սանչեսի փոխանակումը։ Անգլիական երկու հզոր թիմեր ստացան բարձրակարգ խաղացողների։ Այժմ շատերը նշում են, որ այս գործարքից ավել շատ շահել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բայց ես վստահ եմ, որ «Արսենալն» է ավելին ստացել։ Լոնդոնյան ակումբն ազատվեց խաղացողից, որն այլևս չէր ցանկանում ցուցադրել իր առավելագույնը և մոտիվացված չէր գործում: Իսկ ահա Մխիթարյանը հսկայական ցանկություն ունի ապացուցել, որ Մանչեսթերում չկարողացավ լիարժեք դրսևորվել ոչ մարզական պատճառներով։ Անչափ ուրախ եմ Մխիթարյանի համար, քանի որ հայտնվել է մի թիմում, որը փիլիսոփայությամբ և խաղաոճով շատ մոտ է իրեն։ Մխիթարյանն իր մոտիվացիայով և վարպետությամբ կարող է դառնալ Պրեմիեր լիգայի երկրորդ շրջանի հայտնությունը։ Նրա վրա չի լինի այնպիսի ճնշում, ինչպիսին սպասվում է Օբամեյանգի դեպքում։ Այս ֆուտբոլիստների համագործակցությունը կարող է դառնալ «Արսենալի» հաղթաթուղթը»,- նշել է Ռուսասանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: Բնական է, որ խաղային զույգի վերամիավորման հարցում մեծ է եղել նաև «Արսենալի» ղեկավարության և գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դերը: Լոնդոնյան ակումբը տրանսֆերային շուկայում զգույշ և հաշվենկատ քաղաքականություն է վարում: Այս երկու ֆուտբոլիստների բանակցությունների ժամանակ սակայն, «Արսենալը» գնաց մինչև վերջ և կատարեց բանակցող կողմերի պահանջները: Սա խոսում է այն մասին, որ Վենգերը մեծ հույսեր է կապում այս զույգի հետ:

Մխիթարյան-Օբեմեյանգը խաղային զույգը երկրպագուները ակնկալում են տեսնել արդեն այսօր Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Արսենալ»-«Էվերթոն» խաղում: Եթե Մխիթարյանի հիմնական կազմում լինելը շատ հավանական է, ապա Օբամեյանգը առողջական խնդիրներ ունի և հնարավոր է չմասնակցի այս խաղին:

Նյութի աղբյուրը՝ 1in.am