Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկվելուց եւ երեք գոլային փոխանցում կատարելուց հետո մեկնաբանել է Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակը Անգլիայի առաջնության 26-րդ տուրում:

«Ես շատ երջանիկ եմ: Վաստակած հաղթանակ էր, որին մենք արժանի էինք: Մենք պետք է նույնը անենք նաեւ հետագայում, որպեսզի հաղթանակի հասնենք նաեւ հաջորդ խաղում եւ մտածենք ավելի շատ միավորներ վաստակելու մասին:

Մենք խաղացինք շատ լավ հարձակողական ֆուտբոլ: Երկրորդ խաղակեսը ավելի բարդ էր: Այդքան էլ կենտրոնացած չէինք: Ես իսկապես հավանում եմ «Արսենալի» խաղաոճը եւ հույս ունեմ ցուցադրել իմ առավելագույնը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football on BT Sport‏-ը:

«Իմ առաջին հեթ-տրիկն էր կարիերայիս ընթացքում: Բայց պետք է արժանին մատուցել ամբողջ թիմին: Մենք լավ տեսք ունեինք առաջին խաղակեսում, որի ընթացքում էլ ապահովեցինք հաղթանակը»,- ասել է ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին:

«Ուրախ եմ գոլ խփել «Արսենալում» իմ հենց առաջին խաղում: Մենք լավ անցկացրինք առաջին կեսը: Երկրորդն այլ ստացվեց: Բայց մենք ուրախ ենք հաղթել»,- նշել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի փոխանցումից հետո «էվերտոնի» դեմ խաղում նորամուտի գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Նյութի աղբյուրը՝  NEWS.am SPORT