«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի ուժեղացրել պաշտպանությունը:

«Պաշտպանության ուժեղացումը մեծ խնդիր է ցանկացած ակումբի համար, բոլորը փնտրում են պաշտպանների: Դուք կարող էիք տեսնել, որ «Մանչեսթեր Սիթին» գնեց հերթական պաշտպանին, սակայն որքա՞ն գումար են նրանք պաշտպանների վրա ծախսել վերջին 3 տարում:

Մենք չունենք այդպիսի ֆինանսական հնարավորություններ, ինչպիսին ունի «Մանչեսթեր Սիթին»: Այն, որ նրանք մեզանից 2 անգամ քիչ են գոլ բաց թողնում, դա խոսում է նաեւ նրանց ուժեղ հարձակման գծի մասին: Նրանք շատ են գնդակ վերահսկում մրցակցի կիսադաշտում»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Արսենալը» ձեռք էր բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: