Փհենչհանի Օլիմպիական խաղերում մենասահքի արծաթե մեդալը նվաճած ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան խոստովանել է, որ ազատ ծրագրի կատարման ժամանակ արտասվել է:

«Առաջին անգամ կյանքում արտասվում էի: Չգիտեմ, թե ինչ կատարվեց: Լարվածություն չկար: Հույզեր էին: Արցունքները հայտնվեցին առաջին կրկնակի ակսելից հետո: Բոլոր հույզերս եւ զգացմունքներս թողեցի սառույցի վրա:

Ինձ այդպես են դաստիարակել: Միշտ սթափ եմ նայում իրադրությանը: Միշտ վերլուծում եմ, թե ինչը ճիշտ չստացվեց: Այսօր ազատ ծրագրին գնում էի մտքերով, որ պետք է բավարարված լինեմ կատարումից: Սա դաս է: Ամեն օր, ամեն շաբաթ, ամիս եւ տարի պետք է դառնալ ավելի լավը: Վնասվածքի մասին չէի մտածում: Ապրում էի այսօրվա պահով»,- 18-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) Փհենչհանում պարտվել է 15-ամյա ռուսաստանցի Ալինա Զագիտովային: