Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր՝ դուրս թողնելով համապատասխանաբար ֆրանսիական ՊՍԺ-ին եւ պորտուգալական «Պորտուին»:

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին 31 տարեկանում մահացած իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի հիշատակը:

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ռեալը» Փարիզում ՊՍԺ-ին հաղթեց 2:1 հաշվով:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաշիվը բացեց 51-րդ րոպեին: Իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հզոր հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը: Նա դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի 9 հանդիպումներում անընդմեջ՝ 14 գոլ: Առաջին տեղում է հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը: 2003 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի 12 հանդիպումներում անընդմեջ:

66-րդ րոպեին ՊՍԺ-ն մնաց 10 ֆուտբոլիստներով: Ոչ մարզական վարքի համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին, որն այդ դրվագում բղավեց գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխի վրա:

Սակայն իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը կարողացավ դրանից հետո հավասարեցնել հաշիվը: 71-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որն օգտվեց «Ռեալի» պաշտպանների սխալից: Գնդակը Կավանիից անդրադարձով հայտնվեց կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասում:

80-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն օգտվեց Ռոնալդուի փոխանցումից եւ «Ռեալին» դարձյալ առաջ մղեց հաշվի մեջ՝ 2:1:

100-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացրեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3։1 հաշվով:

«Լիվերպուլը» Անգլիայում շատ ջանք չգործադրեց «Պորտուի» հետ պատասխան խաղում: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը 167-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով «Ռեալի» նախկին դարպասապահը առաջին տեղում է: Երկրորդը «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին է՝ 151 խաղ: Ռոնալդուն 148-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում:

Առաջին խաղում անգլիական թիմը Պորտուգալիայում հաղթել էր 5:0 հաշվով եւ շարունակում է պայքարը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1։3)

Էդինսոն Կավանի, 71 - Կրիշտիանու Ռոնալդու, 51, Կազեմիրո, 80

Հեռացում՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), 66, երկրորդ դեղին քարտ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 5։0)

Տեսանյութերը ՝ այստեղ