«Մի փոքր դժվար հանդիպում ստացվեց, սկզբում լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց ընթացքում կարգավորվեց։ Նույնը կարելի է ասել 2-րդ խաղակեսի մասին. սկզբում ինչ-որ բան լավ չէր ստացվում, հետո արդեն կարողացանք որսալ խաղի ռիթմը, բայց արդեն ուշ էր։ Ավելացնելու ոչինչ չկա»։ Այս մասին այսօր Հայաստան Էստոնիա խաղօց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Մխիթարյանը՝ նշելով, որ եղանակային պայմանները վատ էին։

«Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է, ոչ միայն մեզ համար էր քամի։ Առաջին խաղակեսին մեզ խանգարեց, երկրորդին` մրցակցին, բայց, կարծում եմ, նորմալ հաշիվ գրանցվեց։ Բրիասկոն քիչ խաղաժամանակ ստացավ, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց հուսանք, որ հետագայում էլ ավելի շատ կհարմարվի թիմին ու կկարողանա օգուտ տալ։ Կարծում եմ` այսօր դեռ պետք է վերականգնողական փուլ անցնենք, հետո թարմ ուժերով վերլուծենք Լիտվայի խաղը։ Դեռ չենք վերլուծել, չգիտենք` ինչպես են խաղում, բայց հուսով ենք, որ այդ խաղում ավելի լավ կխաղանք»,-նշեց Մխիթարյանը։