Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի նկատմամբ 6։1 հաշվով հաղթանակն ընկերական խաղում։ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած հանդիպմանը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չէր մասնակցել ծնկի վնասվածքի պատճառով։

«Արգենտինայում սիրում են քննադատել Մեսիին։ Այսօր նրանք տեսան, թե ինչպիսին է իրենց հավաքականն առանց Մեսիի։ Չլիներ Մեսին, ինչպե՞ս էր խաղալու Արգենտինայի հավաքականը»,- Կոստայի խոսքը մեջբերում է 101 Great Goals-ը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ պարտվել էր 1։6 հաշվով եւ 5-րդ անգամ՝ 5 գոլի տարբերությամբ։ 1958-ին արգենտինացիներին նույն հաշվով հաղթել էր Չեխոսլովակիան, իսկ 2009-ին՝ Բոլիվիան։