Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել անգլիական թիմի հաջորդ հանդիպմանը:

«Նա ծնկի խնդիրներ ունի: Առայժմ հստակ չէ, թե ինչքան ծանր է վնասվածքը: Գնահատական կտրվի վաղը: Բայց կիրակի նա չի խաղա»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Ապրիլի 8-ին կայանալիք Անգլիայի առաջնության խաղում «Արսենալը» կընդունի «Սաութհեմփթոնին»:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման 61-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Նրա ծնկին հարվածել էր ռուսական թիմի պաշտպան Գեորգի Շչենիկովը: «Արսենալը» հաղթել է 4:1 հաշվով: