Սաութհեմփթոնի դեմ ապրիլի 8-ին կայացած խաղից հետո (3։2) «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թարմ տեղեկատվություն է ներկայացրել թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի հետ կապված։

«Նա վնասել է ծնկահոդի կապերը»,- ասել է զինագործների ղեկավարը՝ հավելելով, որ Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ-ի, ինչպես նաև Նյուքասլի և Վեսթ Հեմի դեմ խաղերին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արսենալ»-ի պաշտոնական կայքը։

«Ես կարծում եմ, որ նա հաստատ բաց կթողնի այդ խաղերը, սակայն, այնուամենայնիվ, կկարողանա խաղալ սեզոնի ավարտին»,- ընդգծել է ֆրանսիացի մասնագետը։

Ապրիլի 12-ին «Արսենալ»-ը պատասխան խաղ կանցկացնի ԲԿՄԱ-ի դեմ, իսկ ապրիլի 14-ին և 21-ին կմրցի Պրեմիեր Լիգայում՝ համապատասխանաբար, Նյուքասլի և Վեսթ Հեմի հետ։ Ապրիլի 28-ին զինագործները արտագնա խաղում կհանդիպեն Մխիթարյանի նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ։

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ ապրիլի 5-ին, Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ (4։1) Եվրոպայի Լիգալի քառորդ եզրափակչի առաջին՝ հաղթական խաղի 60-րդ րոպեին։ Որոշ պարբերականներ շտապել էին հայտարարել, որ կիսապաշտպանը կարող է բաց թողնել սեզոնի ամբողջ մնացած մասը։