Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այս հանգստյան օրերին իրենց ակումբներում մասնակցել են ազգային առաջնությունների հերթական խաղերին։

Պորտուգալիայի առաջնության 29-րդ տուրում «Մարիտիմուն» 1։1 հաշվով է ավարտել «Էշտորիլի» դեմ արտագնա խաղը: Հյուրերի կազմում 76-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Ուկրաինայի առաջնության հերթական տուրում «Վորսկլան» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Մարիուպոլին»: «Վորսկլայի» մեկնարկային կազմում 57 րոպե խաղացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը։

 

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 31-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային»։ «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին: Վնասվածքից վերականգնված Սարկիսովը նախորդ տուրում էր դաշտ վերադարձել 7 ամսվա ընդմիջումից հետո: Այդ խաղից հետո «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը քննադատել էր Վլադիվոստոկի թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու։

Ղազախստանի առաջնության չորրորդ տուրում «Ժետիսուն» տանն ուժեղ է գտնվել «Կայսարից»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ նրա ակումբակից Էդգար Մալաքյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 89 րոպե։

«Ակտոբեն» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է «Օրդաբասիին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին։

 

Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի 25-րդ տուրում «Մարսելի» երկրորդ թիմը սեփական դաշտում 2։4 հաշվով պարտություն է կրել «Բերժերակից»։ Մարսելցիների կազմում ամբողջ խաղն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը։

Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 13-րդ տուրում «Բոյակա Չիկոն» հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտվել է «Ամերիկա դե Կալիին»։ Վերջերս Հայաստանի հավաքականից հրավեր ստացած եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը «Բոյակա Չիկոյի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման։

Սլովակիայի Սուպերլիգայի հերթական հերթական տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում 2։1 հաշվով առավելության է հասել «Ռուժոմբերոկի» նկատմամբ: «Ժիլինայի» կազմում 79-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Շվեդիայի առաջնության երկրորդ տուրում «Յուրգորդենը» 1։1 հաշվով է ավարտել «Տրելեբորգի» դեմ տնային խաղը։ Ինչպես առաջն տուրում, այնպես էլ երկրորդ խաղում «Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը բացակայում էր հայտացուցակից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։

30-ամյա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։