Անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրեր՝ պայքարից դուրս թողնելով համապատասխանաբար Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիին» եւ իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսելոնային»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Սիթին» «Լիվերպուլին» պարտվեց նաեւ տանը՝ 1:2 (տեսանյութ): Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի փոխանցումն օգտագործեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը՝ գրավելու գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի դարպասը: Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը: 56-րդ րոպեին չքի ընկավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 1:1: Իսկ 77-րդ րոպեին «Լիվերպուլի» հաղթական գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

Առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 3:0 հաշվով: Անգլիական ակումբը 10 տարի չէր դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

«Բարսելոնան» Իտալիայի մայրաքաղաք Հռոմում 0:3 հաշվով (տեսանյութ) սենսացիոն պարտություն կրեց «Ռոմայից»:

«Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի փոխանցումից հետո Հռոմում հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն 6-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Դե Ռոսին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որը նշանակվել էր Ջեկոյի նկատմամբ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեյի թույլ տված խախտման համար: Վերջնամասում էլ հույն պաշտպան Կոստաս Մանոլասը հաշիվը դարձրեց 3:0:

Առաջին խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 4:1 հաշվով:

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ 22: Նա առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզից (21 խաղ) եւ նախկին ակումբակից Չավիից (21 խաղ):

Ապրիլի 11-ին քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցակցնեն Մյունխենի «Բավարիան» ու իսպանական «Սեւիլիան» (առաջին խաղ՝ 2:1) եւ Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» (առաջին խաղ՝ 3:0):

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:4)

Էդին Ջեկո, 6, Դանիելե Դե Ռոսի, 58, 11մ, Կոնստանտինոս Մանոլաս, 82

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2, (առաջին խաղ՝ 0:3)

Գաբրիել Ժեզուս, 2 - Մոհամեդ Սալահ, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 77