Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ապրիլի 15-ին նորամուտը նշեց շվեդական «Յուրգորդենի» կազմում (տեսանյութ):

Շվեդիայի առաջնության երրորդ տուրում «Յուրգորդենը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց ԱԻԿ-ին, իսկ 30-ամյա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Ավելացված ժամանակում նա ստացավ կարմիր քարտ: Հայ հարձակվողը դաշտ էր դուրս եկել 19 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Յուրա Մովսիսյանը մեկ խաղակես էր անցկացրել «Յուրգորդենի» երիտասարդական թիմի կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: Վերջերս նա վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, սակայն հասցրեց վերականգնվել մինչեւ ԱԻԿ-ի դեմ խաղը եւ նշեց նորամուտը «Յուրգորդենի» գլխավոր թիմում:

Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չի հայտավորվել։

Հայ հարձակվողի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։