NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Սլովակիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Նիտրա» թիմի հարձակվող Վահագն Միլիտոսյանի հետ, որը ժամանակին հանդես է եկել ֆրանսիական «Լավալ» և «Գրենոբլ» թիմերում, հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական:

Այս օրերին 24-ամյա ֆուտբոլիստն Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է Լոնդոնում ընթացող չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորած Արևմտյան Հայաստանի թիմը 3 խաղում 2 հաղթանակ է տարել, մեկ խաղ ավարտել է ոչ ոքի և 7 միավորով D խմբում առաջին տեղն է զբաղեցրել: Վահագն Միլիտոսյանը դարձել է 2 գոլի հեղինակ:

Վերջին 2 մրցաշրջանները դու անցկացրել ես Սլովակիայում, իսկ այս մրցաշրջանում մեծ առաջընթաց ես գրանցել` երկրորդ դիվիզիոնից տեղափոխվելով Բարձրագույն խմբի
«Նիտրա»: Ինչպե՞ս են գործերդ Սլովակիայում:

Ամեն ինչ շատ լավ է: Երկրորդ դիվիզիոնի «Կոմարնո» թիմում մրցաշրջանի առաջին կեսում արդյունավետ ֆուտբոլ ցուցացրեցի, ինչից հետո իմ ծառայություններով հետաքրքրվեցին Բարձրագույն խմբի մի քանի թիմեր: Նախընտրեցի «Նիտրայի» տարբերակը, որովհետև այս ակումբում կազմակերպչական հարցերը շատ լավ մակարդակի վրա են գտնվում, բացի այդ թիմը հեռանկարային ծրագրեր ունի: Կարողացա հաստատվել «Նիտրայի» մեկնարկային կազմում:

«Նիտրայի» կազմում 13 խաղերում նաև դարձար 4 գոլային փոխանցման հեղինակ: Շարունակելո՞ւ ես մրցելույթներդ թիմում:

Իրականում 5 գոլային փոխանցում եմ կատարել, բայց միայն չորսն են իմ անվան դիմաց գրանցել: «Նիտրայի» հետ դեռ 1.5 տարվա պայմանագիր ունեմ, այնտեղ ինձ լավ եմ զգում, այնպես որ` մեծ հաճույքով կշարունակեմ ելույթներս թիմում:

 Այս օրերին Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում ես չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը: Պենջաբի թիմի դեմ խաղում դու դարձար հաղթական գոլի հեղինակ, ևս մեկ գոլ խփեցիր Կաբիլիայի թիմի դարպասը: Ի՞նչ կասես Արևմտյան Հայաստանի հավաքականի և այդ մրցաշարի մասին:

Արևմտյան Հայաստանի հավաքականի ստեղծման առաջին օրվանից ես եղել եմ թիմի կազմում: Կարող եմ ասել, որ այս ժամանակահատվածում թիմի կազմի և կազմակերպչական առումով նկատելի է մեծ առաջընթաց, բազմաթիվ նոր և որակյալ ֆուտբոլիստներ կան, ամեն ինչ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրված:

Ինչ վերաբերում է մրցաշարի մակարդակին, հեշտ խաղեր չկան, բոլոր թիմերն էլ պայքարում են մինչև վերջ: Բավականին շատ երկրպագուներ են գալիս մարզադաշտ, խաղերն անցնում են ֆուտբոլային մթնոլորտում:

 Ի՞նչ կասես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի հետ աշխատանքի մասին:

Միայն դրականը կարող եմ ասել: Հարություն Վարդանյանը հետաքրքիր մարզումային գործընթաց է կազմակերպում, ընկերական հարաբերությունների մեջ է թիմի ֆուտբոլիստների հետ, իր հսկայական փորձը փոխանցում է մեզ: Միևնույն ժամանակ` թիմում շատ բարձր մակարդակի վրա է կարգապահությունը:

Ֆրանսիայում հանդես գալու տարիներին` 2013 թվականին հրավիրվել ես Հայաստանի հավաքական և մի քանի մարզում անցկացրել ազգային թիմի կազմում: Սպասու՞մ ես հրավերի Հայաստանի հավաքականից:

Շատ ուրախ էի հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Դրանից հետո հրավեր չեմ ստացել, ինչն իր պատճառներն ուներ: Մի քանի տարի Ֆրանսիայում խաղացի ոչ այնքան բարձրակարգ թիմերում: Սակայն արդեն 2 տարի է հանդես եմ գալիս Սլովակիայում, արդյունավետ խաղ եմ ցուցադրում, տեղափոխվել եմ Բարձրագույն խմբի թիմ: Այնպես որ, սպասում եմ հրավերի Հայաստանի հավաքականից: Դա իմ երկիրն է, որը ես մեծ հաճույքով կցանկանամ ներկայացնել: Ինձնից կախված ամեն ինչ անում եմ, սակայն որոշումը կայացնում են մարզիչները:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Sport