Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատմել է Ավստրիայում անցկացրած մարզումային հավաքից եւ երկու ընկերական հանդիպումներից ստացած տպավորությունների մասին։

«Թիմն ինձ համար 70 տոկոսով նոր էր։ Անձամբ շատերի հետ ծանոթ չէի։ Բայց ֆուտբոլիստը պետք է անմիջապես մասնակցի քո մարզումներին, որպեսզի պատկերացում ունենաս՝ ինչպես է կատարում քո առաջադրանքները։

Մենք նախատեսել էինք երկու սխեմա փորձարկել, եւ ֆուտբոլիստի համագործակցությունն այդ սխեմաների մեջ։

Որակն ու ցանկություն էի ցանկանում տեսնել ֆուտբոլիստների մոտ։ Ու շատ հարցերի պատասխան ստացա այս հավաքի ընթացքում։

Խաղերն ամբողջական չստացվեցին, դրվագներով ստացվեցին։ Մալթայի հետ խաղում առաջին 30 րոպեն ստացվեց։ Բայց նորեկների, նոր պահանջների հանգամանքները թույլ չէին տա, որ ամբողջական խաղեր ստացվեին։

30–31 ֆուտբոլիստ էի նախատեսել։ Տա Աստված, որ սեպտեմբերին բոլորը պատրաստ լինեն։ Բոլոր դիրքերում մրցակցություն ունենք։ Միակ խնդիրը դարպասապահի դիրքն է։ Դեռ հույս ունենք, որ Յուրչենկոն կմիանա մեզ։ Խնդիր է նաեւ ձախ պաշտպանի դիրքը, ձախ ոտքով պաշտպանի խնդիրն ունենք։

Երեք օր մնաց Յուրա Մովսիսյանը հավաքականի հետ։ Շատ դրական էր նրա շփումը խաղընկերների հետ։ Շատ կարեւոր էր այդ դրական մթնոլոտրը։ Մովսիսյանի մոտիվացիան շատ բարձր է։ Նա մեծ ցանկություն ունի հավաքականին տալ առավելագույնը։

Ավագը Հենրիխ Մխիթարյանն է։ Ոչ մի փոփոխություն միանշանակ չի լինի։ Ես նրա գործողություններից շատ գոհ եմ։ Առաջատարը լինում է խաղով, լինում է հանդերձարանում։ Մխիթարյանի ցուցադրած խաղը լրիվ բավարար է

Մենք պետք է առավելագույնի հասնենք Ազգերի լիգայում։ Լինելու է 8 խաղ, բոլորն էլ մեզ համար լինելու են եզրափակիչ։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար։ Այլ արդյունք մեզ չի գոհացնի»,– ասել է Վարդան Մինասյանը։

Հիշեցնենք, որ Ավստրիայում Հայաստանի հավաքականը 0։0 հաշվով խաղաց Մոլդովայի, 1։1 հաշվով՝ Մալթայի հետ։