B խմբում պայքարի մեջ մտավ Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։ Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդությամբ պորտուգալացիները խաղացին Իսպանիայի հետ։

Իսպանիայի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն հենց առաջին խաղում նման լուրջ փորձության ենթարկվեց։ Հիշեցնենք, որ ԱԱ-ի մեկնարկից մեկ օր առաջ Իսպանիայի հավաքականի ղեկից հեռացվեց Խույլեն Լոպետեգին, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»։

Հավաքականները վերջին անգամ հանդիպել են Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում։ Այն ժամանակ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներում ավելի հաջողակ էին իսպանացիները։ Հիշեցնենք, որ այդ տարի Իսպանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում հաշիվը բացվեց 4-րդ րոպեին, երբ նշանակված 11—մետրանոցն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Առաջին կեսի միջնամասում Իսպանիան խփեց պատասխան գնդակը։ Դիպուկ էր Դիեգո Կոստան։ 44-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ մրցակցի դարպասապահի սխալից հետո։

Երկրորդ կեսում դուբլ ձևակերպելու հերթը Կոստայինն էր։ Ստանդարտի խաղարկումից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողը դարձավ գոլի հեղինակ։ 3 րոպե անց Նաչոն հեռահար հարվածով առաջ մղեց Ֆերնանդո Իերոյի թիմին։ Բայց այս խաղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն իր վերջին խոսքը չէր ասել։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ տուգանայինից կատարած ճշգրիտ հարվածով մեկ միավոր բերեց իր թիմին։

Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում Իրանը հաղթել էր Մարոկկոյին։

 

ԱԱ-2018, B խումբ

Պորտուգալիա - Իսպանիա՝ 3։3 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 4, 44, 88 – Դիեգո Կոստա, 24, 55, Նաչո, 58

Պորտուգալիա․ Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Ռաֆայել Գերեյրո, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ժոաու Մոուտինյո, Բեռնարդու Սիլվա (Ռիկարդու Կուարեժմա, 69), Վիլյամ Կարվալյո, Գոնսալո Գուեդեշ (Անդրե Սիլվա, 80), Բրունու Ֆերնանդեշ (Ժոաու Մարիու, 68), Կրիշտիանու Ռոնալդու։

Գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշ

Իսպանիա․ Դավիդ Դե Խեա, Նաչո, Ժորդի Ալբա, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Կոկե, Դավիդ Սիլվա (Լուկաս Վասկես, 86), Սերխիո Բուսկետս, Իսկո, Անդրես Ինյեստա (Տիագո Ալկանտարա, 70), Դիեգո Կոստա (Յագո Ասպաս, 77)։

Գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդո Իերո