Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնում C և D խմբերում ընդգրկված հավաքականները։

Օրվա առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին։ Կազանում կհանդիպեն Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմն ԱԱ-2018-ի հաղթողի գլխավոր հավակնորդներից է։ Հարձակման առաջատար Անտուան Գրիզմանն ըստ գլխավոր մարզիչի՝ ազատվել է ավելորդ մտքերից, քանի որ կողմնորոշվել է ապագայի հարցում և շարունակելու է ելույթները Մադրիդի «Աթլետիկոյում»։

 Այս խմբի մյուս հանդիպումը տեղի կունենա Սարանսկում։ 20։00-ին (Երևանի ժամանակով) կազդարարվի Պերու – Դանիա խաղի մեկնարկը։ Խմբի ընդգծված ֆավորիտները եվրոպական հավաքականներն են։ Դանիայի ընտրանու առաջատար Քրիստիան Էրիկսենը հաջող մրցաշրջան անցկացրեց Լոնդոնի «Տոտենհեմում» և սկանդինավները հուսով են, որ փլեյմեյքերը նույն արդյունավետությամբ կփայլի նաև Ռուսաստանում։

 D խմբում, Մոսկվայում կհանդիպեն Արգենտինան և Իսլանդիան։ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն դարձել է 3 գոլի հեղինակ, այն էլ Իսպանիայի հետ խաղում։ Այժմ հերթը Մեսիին է։ Ոսկե գնդակի հավակնորդների պայքարը ակումբային մակարդակից տեղափոխվել է աշխարհի առաջնություն։ Եվրո-2016-ը ցույց տվեց, որ Իսլանդիայի հավաքականին թերագնահատելը կարող է վատ հետևանք ունենալ։ Անգլիացիները դա լավ գիտեն (Եվրո-2016-ում Իսլանդիան 1/8 եզրափակիչում հաղթեց Անգլիային)։ Լիոնել Մեսիի խաղին կարող եք հետևել 17։00-ից սկսած։

Դիեգո Մարադոնայի հայրենակիցների հետ նույն խմբում են նաև Խորվաթիայի և Նիգերիայի հավաքականները։ Նրանք կհանդիպեն 23։00-ին Կալինինգրադում։ Խորվաթներն ունեն մրցունակ կազմ և նրանցից ևս սպասելիքները շատ են։ Հիմնական ուժը կիսապաշտպանության կենտրոնում է։ Իվան Ռակիտիչ և Լուկա Մոդրիչ զույգի խաղից շատ բան է կախված։ Աֆրիկյան հավաքականը նման մակարդակի աստղեր չունի, բայց փոխարենը կան անգլիական Պրեմիեր լիգայում խաղացող երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք կարող են դրական արդյունք ապահովել։