Ռուսաստանում շարունակվում է հունիսի 14-ին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Պայքարն են սկսում E և F խմբերում ընդգրկված թիմերը։

Օրվա առաջին խաղում կհանդիպեն Կոստա Ռիկան և Սերբիան։ Խաղում բացահայտ ֆավորիտ չկա, սակայն սերբերը կիսապաշտպանության կենտրոնում ունեն Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, որը միայնակ կարող է վճռել հանդիպման ելքը։ Ֆուտբոլիստը դա մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իտալական «Լացիոյի» կազմում։

Կոստա Ռիկա – Սերբիա հանդիպումը տեղի կունենա Սամարայի «Կոսմոս Արենա» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

 

Հետո արդեն հերթը աշխարհի գործող չեմպիոններինն է։ Գերմանիայի հավաքականը տիտղոսի պաշտպանությունը սկսելու է Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնից։ Յոահիմ Լյովի գլխավորած թիմի մրցակիցը անկոտրում Մեքսիկան է, որը 2026 թվականին ԱՄՆ-ի և Կանադայի հետ ընդունելու է աշխարհի առաջնությունը։

Գերմանիայի հավաքականը ամբողջովին պատրաստ է այդ հանդիպմանը։ Գործող չեմպիոններն այնքան վստահ են, որ նույնիսկ վերջնական հայտացուցակից դուրս մնաց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն։

Գերմանիա - Մեքսիկա հանդիպման ընթացքին կարող են հետևել Երևանի ժամանակով 19։00-ից սկսած։

 

Եվ օրվա վերջին խաղում Բրազիլիան կխաղա Շվեյցարիայի հետ։ Նեյմարի առաջնորդությամբ բրազիլացիները լուրջ հավակնություններ ունեն։ Առաջին խաղում հաղթելը շատ կարևոր է, նման կարծիքի են աշխարհի հնգակի չեմպիոնները։ Առջևի գծում ունենալով Ֆելիպե Կոուտինյո և Գաբրիել Ժեզուս, իսկ դարպասին էլ Ալիսոն, կարելի է դրականորեն տրամադրվել։ Բայց ոչ թերագնահատել Շվեյցարիային․ նրանք ԱԱ-2010-ի առաջին տուրում հաղթեցին Իսպանիային, որն այդ տարի իր հետ տարավ աշխարհի գավաթը։

Բրազիլիան և Շվեյցարիան կհանդիպեն Ռոստովում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։