Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տեղի են ունենալու երկրորդ տուրի հանդիպումները։ Հունիսի 21-ին կկայանա 3 խաղ։

Օրվա առաջին հանդիպումը տեղի կունենա Սամարայում, որտեղ կմրցեն C խմբում ընդգրկված Դանիան և Ավստրալիան։ Եվրոպական հավաքականը հաղթանակի դեպքում պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչ փուլում, իսկ ավստրալացիները 3 միավոր վաստակելու պարագայում հույսեր կպահպանեն, որ ԱԱ-ն ժամանակից շուտ չի ավարտվի իրենց համար։ Առաջին տուրում Դանիան Յուսուֆ Պոուլսենի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր Պերուին, իսկ Ավստրալիան 1։2 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին։

Դանիա - Ավստրալիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

C խմբի երկրորդ հանդիպումը կկայանա Եկատերինբուրգում, որտեղ կմրցեն Ֆրանսիայի և Պերուի հավաքականները։ Դիդյե Դեշամի թիմը մեկնարկեց դժվարին հաղթանակով, սակայն այսօրվա խաղում վաստակած 3 միավորը ԱԱ-1998 չեմպիոններին դուրս կբերի հաջորդ փուլ։

Ֆրանսիացիների մեկնարկային կազմում փոփոխություններ չեն սպասվում․ հարձակման գծում կշարունակեն գործել Դեմբելեն, Մբապեն և Գրիզմանը։ Սպասվում է, որ կիսապաշտպանությունում Տոլիսոյի փոխարեն կխաղա Մատույիդին։

Ֆրանսիա - Ավստրալիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 Խաղային օրվա վերջում կհանդիպեն D խմբում ընդգրկված Արգենտինան և Խորվաթիան։ Ի տարբերություն Խորվաթիայի, Արգենտինան անսպասելիորեն չմեկնարկեց հաղթանակով։ Խորխե Սամպաուլիի գլխավորած թիմը 1։1 հաշվով ավարտեց Իսլանդիայի հետ խաղը։ Իսկ խորվաթները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Նիգերիայի դարպասը։

Նիժնի Նովգորոդում կայանալիք խաղում Արգենտինային կբավարարի միայն հաղթանակը, բացի այդ, թիմի ավագ Լիոնել Մեսին այս առաջնությունում դեռ իր խոսքը չի ասել։

Արգենտինա - Խորվաթիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։