Ռուսաստանում ավարտին է մոտենում ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Հուլիսի 14-ին տեղի կունենա նախավերջին՝ երրորդ տեղի համար խաղը։ Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կհանդիպեն Բելգիայի և Անգլիայի հավաքականները։ Ռոբերտո Մարտինեսի և Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմերն ընդգրկված էին նույն խմբում։ Վերջին տուրի խաղում Բելգիան պահեստային կազմով հաղթեց Անգլիային։ Բրիտանացիները ևս մարտական կազմով չէին։

Բելգիացիները կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվեցին Ֆրանսիային։ Վճռորոշ եղավ Սամուել Ումտիտիի խփած միակ գոլը։

Անգլիան էլ լրացուցիչ ժամանակում պարտվեց խորվաթներին։ Մինչև 68-րդ րոպեն բրիտանացիները հաշվի մեջ առջևում էին, սակայն Ուոլկերի մեկ սխալը ամեն ինչ գլխի վայր շուռ տվեց։ Լրացուցիչ ժամանակում էլ Սթոնուսի դիրքային սխալից հետո Մանջուկիչի դիպուկ հարվածը եզրափակիչ դուրս բերեց Խորվաթիային։

Ինչպես արդեն նշեցինք, այս թիմերն ընդգրկված էին նույն խմբում։ 1/8 եզրափակիչում Բելգիան հաղթեց Ճապոնիային, իսկ Անգլիան՝ Կոլումբիային։ Քառորդ եզրափակիչում Բելգիան պայքարից դուրս թողեց Բրազիլիային։ Գրանցվեց 2։1 հաշիվը։ Անգլիան խնդիրներ չունեցավ Շվեդիայի հետ խաղում։

Բացի թիմային պայքարից և ԱԱ-2018-ի բրոնզե մեդալները նվաճելու մտքից, կա նաև անհատական պայքար։ Հարի Քեյնը և Ռոմելու Լուկակուն հավակնում են առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակին։ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողը դարձել է 6, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը՝ 4 գոլի հեղինակ։

Բելգիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։