ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Երեւանի «Ալաշկերտի» ու «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումների մրցավարների անունները Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Օգոստոսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Փյունիկ» - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) խաղը կսպասարկի հոլանդացի Պոլ վան Բոկելը, իսկ եզրային մրցավարները կլինեն նրա հայրենակիցներ Դեյվ Գուսենսն ու Զուստ վան Զույլենը:

«Ալաշկերտի» եւ Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» միջեւ օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը վստահվել է ուկրաինացի մրցավարների: Գլխավոր մրցավար է նշանակվել Սերգեյ Բոյկոն, որին եզրերում կօգնեն Վիկտոր Մատիաշն ու Ալեքսանդր Վոյտյուկը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերն անցկացվելու են օգոստոսի 16-ին: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 6-ին: