Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ու թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Հոլանդիայի առաջնությունում:

28-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Հոլանդիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Վիլեմ Երկրորդ»: Այս պահին հոլանդական ակումբը պատրաստում է տրանսֆերի համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը

Նշվում է, որ «Վիլեմ Երկրորդը» մեկ տարով կվարձակալի Օզբիլիսին:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում Արաս Օզբիլիսը 2010-2012-ը հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրեց Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցեց Մոլդովայի առաջնության 4 հանդիպման: