Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» կընդունի Թել Ավիվի «Մաքաբիին»:

Օգոստոսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրին, որի հաղթանակի համար սահմանել են 1.80 գործակից: Հայկական ակումբի հաղթանակը գնահատվում է 4.20 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 3.60:

Հանդիպումը կսպասարկի հոլանդացի մրցավար Պոլ վան Բոկելը, որին եզրերում կօգնեն Դեյվ Գուսենսն ու Զուստ վան Զույլենը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):